02/08/2023 13:43
ՊԵԿ-ը կանխել է 2 տոննայից ավելի չհայտարարագրված հագուստի տեղափոխումը Հայաստան (Տեսանյութ)
ՊԵԿ Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի ծառայողները կանխել են խոշոր քանակությամբ չհայտարարագրված հագուստի տեղափոխումը:
«Օրերս Մաքսակետ ժամանած բեռանատարը, որը վարել է ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, տեղափոխել է ՌԴ «Վերին Լարս» անցակետում լրացված տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքներ:
Մաքսային ծառայողների կողմից իրականացրած հսկողության արդյունքում պարզվել է, որ բեռնատարի մեջ առկա են չհայտարարագրված ապրանքներ: Մասնավորաբար, 2330 կգ ընդհանուր քաշով նոր հագուստ, որի արժեքը, ըստ հուլիսի 27-ին կազմված համապատասխան հայտարարագրի, կազմել է 2 միլիոն 542 հազար ՌԴ ռուբլի՝ շուրջ 11 միլիոն դրամ:
Նշված բեռի վերաբերյալ ՌԴ «Վերին Լարս» անցակետում կազմվել է տարանցման հայտարարագիրը: Նշենք, որ ի սկզբանե տվյալ ապրանքների վերաբերյալ հայտարարագիր չի եղել, այն կազմվել է ավելի ուշ՝ ապրանքների Բագրատաշենի անցակետ հասնելուց 2 օր անց: ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից տվյալ հայտարարագիրը «հետ է կանչվել», ճանաչվել է անվավեր, քանի որ հայտարարագրման ժամանակ ապրանքները պետք է գտնվեն ուղարկող երկրի մաքսային մարմնում։
Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Ապրանքները տրանսպորտային միջոցի հետ միասին ի պահ են վերցվել Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածքում»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում։