02/08/2023 15:57
Արքեպիսկոպոս Կճոյանը կրկին մեղադրյալի կարգավիճակ է ստացել. նոր մանրամասներ
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մեղադրվում է ավելի քան 10մլն դրամ փողերի լվացման և խարդախության համար։ Նա կրկին մեղադրյալի կարգավիճակ է ստացել։
«Նախաքննական մարմինը գտել է, որ ձեռքբերված ապացույցները բավարար չեն տվյալ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար և 2021 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու կապակցությամբ։
Գլխավոր դատախազությունը դրանից հետո ստացել է Փայլակ Հայրապետյանի բողոքը, որ համաձայն չէ տվյալ որոշման հետ, և բողոքարկել է։
Վերադաս դատախազն էլ բավարարել է բողքը և Կճոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ 2011 թվականին Աշոտ Սուքիասյանը ՀՀ-ում հավաքագրելով ոսկերիչներին և ադամանդագործներին, հավատ է ներշնչել, որ ունի հանք և դրա գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ցանկացել է այլ անձանց ներգրավել աշխատանքներին՝ գումարներ ներդնելու նպատակով։
Աշոտ Սուքիասյանը գրավադրելով Հայրապետյանի 8 անշարժ գույքը, ձեռք է բերել 12մլն դոլար ստանալու գրավի պայմանագիր և դրանից 10.7մլն դոլարը, որը կարողացել է ստանալ բանկից, ուղղել է Կիպրոսում գրանցված «Wlispera Holdings Limited»-ի հաշվին և այդ գումարներն ուղղվել են դեպի օֆշոր, որից հետո քննությամբ պարզվել է, որ այդ գումարներից 5մլն-ից ավելին նորից հետ են վերադարձվել ՀՀ։
ՀՀ վճռաբեկ դատարանը սահմանել է, որ տվյալ արարքներում հիմնավորված և ապացուցված է Աշոտ Սուքիասյանի մեղավորությունը և վերջնական պատիժ թողնվել էր 16 տարի ազատազրկումը։ Ապացույցներ են ձեռք բերվել, որ այդ հոլդինգը, որը գրանցված է եղել Կիպրոսում, ունեցել է 1000 բաժնեմաս, որոնցից 334 բաժնեմասի սեփականատերը հանդիսացել է Աշոտ Սուքիասյանը, իսկ 333 բաժնեմասի սեփականատերը հանդիսացել է քավորը, այսինքն՝ արքեպիսկոպոս Կճոյանը։ Նոր վարույթով միջոցներ են ձեռնարկվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցաքննելու համար, սակայն, ըստ ծանուցման, նա բացակայում է երկրից», - Aysor.am-ին տեղեկացրեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Մեղադրանքը կապված է տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացրած Կիպրոսի օֆշորային սկանդալի հետ, որի կիզակետում էին հայտնվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Տվյալ գործով 16 տարվա ազատազրկման դատապարտվեց Աշոտ Սուքիասյանը, ով քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է եղել արքեպիսկոպոսի հետ։
Սուքիասյանը պատժի մեղմացման արդյունքում ազատ է արձակվել։