03/08/2023 14:19
Ջազը, բիզնեսն ու 12-ի սիմվոլիկան. Ոչ ֆորմալ կրթական ծրագիրը՝ որպես բիզնեսի ստեղծման և կայացման ուղի
Օգոստոսի 12-ին, սկսած ժամը 12։00-ից, Բյուրականի «Հանդart» այգում տեղի կունենա մեկօրյա կրթական, մշակութային, ժամանցային, երաժշտական և նոր կապեր ապահովող «Jazz business» միջոցառումը։
Միջոցառման կազմակերպիչների կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կարևորվեց չորս արդի բաղադրիչ, որոնց միջոցով կազմակերպիչները նպատակ ունեն բարձրացնելու կրթական ցենզն ու հնարավորություն տալու երիտասարդներին կապեր ստեղծել և փորձի փոխանակման արդյունքում գործարար աշխարհում գրավել կայուն դիրքեր։
«Ջազ Բիզնեսը նոր խոսք է հայկական իրականության մեջ՝ հիմնված համագործակցության, այլ ոչ թե մրցակցության վրա»,-ներկայացնելով միջոցառման օրակարգը՝ ասաց «Գրքատուն» հրատարակչության և «Friend’s House» կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Նիազյանը։
«Targeting» և «Simple Business Academy» ընկերությունների համահիմնադիր տնօրեն Գոռ Կարապետյանը անդրադառնալով կրթական բաղադրիչի կարևորությանը՝ տեղեկացրեց, որ «Veterans of Armenia» Հասարակական Կազմակերպությունը գնել է 100 տոմս՝ միջոցառմանը մարզերից երիտասարդներին անվճար հրավիրելու և այդպիսով երիտասարդներին ևս կրթության արժևորման գաղափարով վարակելու համար։
«Մենք կարևորում ենք կրթությունը, և սա մեր խոսքն ու մեր ասելիքն է։ Համագործակցելով երիտասարդական այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են ՄԵՄ-ը, Հզոր Միտքը և այլ կառույցներ, մենք միջոցառմանը կունենանք առնվազն 200 պայծառ երիտասարդ»,-ասաց նա։
Գոռ Կարապետյանի խոսքով, 2020 թվականին հրապարակված մարդկային կապիտալի համաթվի համաձայն՝ տարրական դպրոցն ավարտած սովորողների շուրջ երեսուն տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստերը, և սա Հայաստանի մասին է, ինչը չի զգացվում Աբովյանում, Կասկադում, կամ Հյուսիսային պողոտայում, բայց կա։
«Մենք ունենք ենթամշակութային, փողոցային հասկացողություններ և տարրեր, որոնք մեր երիտասարդությանն ուղղակի ոչնչացնում են։ «Jazz business» միջոցառումը նաև ի պաշտպանություն երիտասարդների է։ Սա փորձ է նաև ինչ-որ առումով մեղմելու մեր կրթական համակարգի բացերը»,-ասաց թրեյները:
Մյուս կարևոր՝ մշակութային բաղադրիչը ներկայացրեց Վահե Ռոբեր Այվազյանը՝ նշելով, որ միջոցառման ընթացքում յուրօրինակ կերպով միաձուլվել են բիզնեսն ու ջազը, գործարարությունն ու ստեղծարարությունը.
«Բոլոր բանախոսները կայացած թրեյներներ են, ովքեր գիտեն ինչ խոսել, ինչ ասել, որ օգտակար լինի, այս միջոցառմամբ մենք համատեղում ենք հաճելին օգտակարի հետ․ օգտակարը կլինեն բանախոսների Stand-Up-երը, իսկ հաճելին՝ Մալխաս Ջազ Տրիո Բենդի կատարմամբ ջազային համերգը, և, հավատացնում ենք, որ հագեցած սեմինարների հետ մեկտեղ, միջոցառման մասնակիցները ձանձրանալու ոչ մի պատճառ չեն ունենա»։
«Jazz business»-ի համակազմակերպիչ, բիզնես թրեյներ, «Բի Էս ՍԻ» բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր Սամվել Գևորգյանը, խոսելով սոցիալական բաղադրիչի մասին՝ հայտնեց, որ իրենք այս ծրագրով կանգնում են «ՌեԱրմենիա»-ի Մետա Գեյթ նախագծի կողքին՝ տոմսերի վաճառքից հասույթի մի մասը փոխանցելով վերջիններիս, ինչպես նաև հնարավորություն տալով «Զինվորի տուն» կենտրոնի շահառուներին ներկա գտնվել միջոցառմանը։
Սամվել Գևորգյանն անդրադարձավ նաև միջոցառման ստեղծման պատմությանն ու նշեց, որ այստեղ կարելի է նկատել թվային սիմվոլիկա.
«Մենք՝ 12 ընկերներով, օգոստոսի 12-ին, ժամը 12-ից սկսած, խոստանում ենք ապահովել մասնակիցների կրթական, ժամանցային և ջազային օրը»,-ավելացնելով, որ այդ օրը սպասվում է աստղաթափ, ինչը ևս պատահական չէ։
Նշենք, որ միջոցառման մասնակիցները հնարավորություն կստանան վեց ամսյա անվճար հիմունքով օգտվել «Karapp» հայկական կրթական հավելվածից։ Երեկոյան նրանց կսպասվի «Smart խարույկ»` բաց քննարկումներով ամփոփվելու մեկօրյա միջոցառումը և հաստատելու նոր ծանոթություններ, ինչը բիզնեսում ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։