03/08/2023 11:23
Տարբեր տեղերում ինքնակամ ու հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման ու խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման. Նիկոլ Փաշինյան
Նախորդ շաբաթ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել Կոռնիձոր բնակավայրի հատվածում։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն է ապօրինի կերպով արգելում բեռների մուտքը ԼՂ։
Վարչապետը հայտարարեց, թե Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, որ Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը հունիսի 15-ին, ինչպես Ադրբեջանն է ձևակերպում, հայկական կողմի ռազմական սադրանքն է։
«Հիշեցնեմ՝ այդ օրը Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարիի կամրջի եզրին՝ արժանանալով ՀՀ սահմանապահ զորքերի օրինական հակազդեցությանը։ Հենց Ադրբեջանի վերը նշված գործողությունն է սադրանքը, առավել ևս այն պայմաններում, երբ երկու երկրների միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռ մեկնարկի փուլում են։ Տարբեր տեղերում ինքնակամ ու հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման ու, ընդհանրապես, խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ այս ամենը երևաց նաև Իլհամ Ալիևի՝ Euronews-ին տված հարցազրույցում, երբ նա հայտարարեց, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն։
Նա ընդգծեց՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով ու դա վերահաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով։
«Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել ու հետագայում սահմանագծման ու սահմանազատման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանին։ Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքների հարցը որոշված չէ, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում, եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասաց վարչապետը։