03/08/2023 13:32
Բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնության անցկացման վայրն ու ժամկետները դեռևս հստակեցման փուլում են
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) պաշտոնապես հաստատել է՝ պատանիների 2023 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանը պատանեկան ԱԱ-ն անցկացնելու հայտ է ներկայացրել՝ հաշվի առնելով, որ այդ տարիքային խմբում արդեն իսկ լավ ձևավորված հավաքական ունենք:
«Մեր պատանի բռնցքամարտիկները սկսել են լուրջ արդյունքներ ցույց տալ: Մասնագետների կարծիքով՝ նրանց շրջանում ապագա շատ լուրջ բռնցքամարտիկներ կան: Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ որոշեցինք հայտ ներկայացնել, որն էլ բավարարվեց»,- ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Առաջնության անցկացման վայրն ու ժամկետները դեռևս հստակեցման փուլում են:
Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Երևանում անցկացվել էր նաև պատանիների Եվրոպայի առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի թիմը 1 ոսկե, 2 արծաթե ու 10 բրոնզե մեդալ էր նվաճել:
Վերջերս հայ պատանի բռնցքամարտիկները 2 ոսկե և 7 արծաթե մեդալ էին նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված պատանիների Եվրոպայի առաջնությունում։
Հիշեցնենք՝ Երևանում 2022 թվականին առաջին անգամ անցկացվել է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել էր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), փոխչեմպիոններ էին դարձել Արթուր Բազեյանն (57 կգ) ու Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ, իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: