03/08/2023 13:44
Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցում. քրեական հետապնդումներ են հարուցվել դպրոցի տնօրենի և հաշվապահի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կարճաղբյուր բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրենի և հաշվապահի կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և մեկ վարույթում միացված քրեական գործերի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱ կազմակերպության տնօրենը, 2016-2019 թվականների ընթացքում պարտավոր լինելով ստուգել հաշվապահի կողմից աշխատավարձերի բաշխման վերաբերյալ կազմված փաստաթղթերի իսկությունը և համապատասխանելիությունը, դիտավորությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։
Մասնավորպես, տնօրենը, ունենալով կազմված աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու և դրանից հետո միայն հաստատելու, հսկելու պարտականություն, առանց օրենսդրական հիմքերի, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չիմանալու պատճառաբանությամբ, իր փոխարեն նշված գործողությունների կատարումը վստահել է դպրոցի հաշվապահին՝ վերջինիս տրամադրելով իր նույնականացման քարտը, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ մուտք գործելու համար նախատեսված իր մուտքանուն-գաղտնաբառը։
Արդյունքում` հաշվապահն աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերում ներառել է դպրոցի աշխատակից չհանդիսացող, Երևան քաղաքի բնակիչ 2 անձանց տվյալները, նրանց անվամբ ելքագրել 28.526.400 ՀՀ դրամ գումար ու հափշտակել՝ ՊՈԱ կազմակերպությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Դպրոցին պատճառված վնասից 1մլն. դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:
Դպրոցի հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրիք 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Այս մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Պատճառված վնասի վերականգնման իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով վերջինիս գույքի նկատմամբ կիրառվել է կալանք։