03/08/2023 19:15
Ձյուդոիստ Աշիկ Անդրեյանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերի հաղթող
Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը ոսկե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ձյուդոյի երիտասարդական թիմի կազմում ընդգրկված են նաև Մեսրոպ Նիկոյանը և Գոռ Կարապետյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռիմա Խլղաթյանը սեղանի թենիսի մրցումներում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ազատ ոճային ըմբիշները 5 մեդալ էին նվաճել Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ էին նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ): Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել էին արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիրներ:
Նշենք՝ չորս տարին մեկ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան ֆրանսախոս երիտասարդները: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (արդեն 4-րդ անգամ): Մասնակից երիտասարդները մրցելու են մշակույթի և սպորտի տարբեր ուղղություններով, լավագույններն արժանանալու են մրցանակների:
Հայաստանը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերին: Մեր երկրի ներկայացվածությունը խաղերին նպաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության զարգացմանը և խթանում համատեղ նոր ծրագրերի իրականացումը: