03/08/2023 17:07
Նարեկ Նալբանդյանը չի վճարել «Գոլդեն Փելիս»-ի գումարը․ նա ժամանակ է խնդրել․ Հետք
Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերը չի կատարել պետության առաջ ստանձնած պարտավորությունը։ Հանրությանը 2018 թ.-ից հետո հայտնի դարձած գործարարի՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը տարաժամկետ վճարման պայմանով էր ձեռք բերել հյուրանոցը։ «Հետքը» պարզել է, որ հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, որ պիտի կատարվեր այս տարվա հուլիսի 1-ին, չի արվել։ Ըստ ժամանակացույցի՝ գնորդը մինչև 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ, գրում է «Հետք»-ը։
«Գոլդեն փելիս» հյուրանոցը Մաքսային պետական կոմիտեի նախկին տնօրեն Արմեն Ավետիսյանի ընտանիքը 2019 թ.-ին քրեական գործը կարճելու դիմաց նվիրեց պետությանը։ Գույքը նվեր ստանալուց հետո պետությունը փորձեց վաճառել այն։ Հյուրանոցը 7.5 միլիարդ դրամով աճուրդի դրվեց, սակայն կրկնաճուրդներով գինը նվազեց։ Հետագայում որոշում կայացվեց հյուրանոցը վաճառել ոչ թե աճուրդով, այլ մրցույթով։ 2022 թ.-ին հայտարարվեց, որ հյուրանոցը տարաժամկետ վճարման պայմանով գնել է միակ հայտատուն՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս ընկերության սեփականատերը գործարար Նարեկ Նալբանդյանն է։ Նրա անունը մեկ այլ աղմկահարույց գործարքի հետ է կապված։ Նարեկ Նալբանդյանի կինը, քրեական գործի առկայության պայմաններում, ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատունը։ Իրավապահները որևէ կերպ չեն խոչընդոտել այս գործարքին։
2022 թ.-ին «Գոլդեն փելիս» հյուրանոցը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին վաճառվել է 5 միլիարդ դրամով և սահմանվել է, որ առաջին վճարումը (1 միլիարդ դրամը) պետք է կատարվի 2022-ին։ Երկրորդ վճարումը գնորդը պետք է կատարեր 2023 թ.-ի հուլիսի 1-ին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվեցինք` արդյո՞ք ժամանակին է կատարվել 2-րդ վճարումը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը գրավոր հայտնեց, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն ժամանակին չի կատարել տարաժամկետ վճարման պարտավորությունը։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն 28.03.2023 թ.-ին Պետական գույքի կառավարման կոմիտեին ուղարկված գրությամբ տեղեկացրել է, որ ընկերությունը պարտավորվում է վճարել 1 միլիարդ դրամի պարտավորությունը մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը՝ հաշվարկված տույժերով հանդրեձ»,- հայտնել է փոխնախարար Նարեկ Մանուկյանը։
Ի դեպ, հյուրանոցը ձեռք բերած «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն գույքը ձեռք բերելու փուլում ներկայացրել էր նաև 4.5 միլիարդ դրամի ներդրում կատարել ծրագիր։ Հետագայում ընկերության սեփականատեր Նարեկ Նալբանդյանը հայտարարել էր մոտ 300 միլիոն դոլարի ներդրման մասին (այս և Գեղարքունիքի մարզում մեկ այլ հյուրանոց վերակառուցելու և շահագործելու նպատակով)։ Իսկ «Գոլդեն փելիս» հյուրանոցի այս տարվա տարաժամկետ վճարը կազմում է 2.6 միլիոն դոլար։
«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն հյուրանոցի սեփականատեր դառնալուց հետո Ծաղկաձոր համայնքից 1 հեկտար հողամաս է գնել։ 162 միլիոն դրամ արժողությամբ հողամասը հյուրանոցի անմիջական հարևանությամբ է։ 2022 թ.-ի հուլիսին հյուրանոցի տարածք է այցելել ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը և հայտարարել, որ մեծ թափով շինարարություն է ընթանում, որից հետո հյուրանոցը կշահագործվի «Mercure» միջազգային ցանցի կազմում։