03/08/2023 22:41
Ակնկալում ենք, որ ԼՂ-ում հումանիտար աղետալի վիճակի վերաբերյալ գիտակցումն ու գործուն քայլերը կնպաստեն Լաչինի միջանցքի բացմանը. Վարդան Սարգսյան
ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով ՀՀ կառավարության կողմից կազմակերպված հումանիտար գործընթացի վերաբերյալ կա միջազգային հանրության ուշադրության որոշակի աճ: «Լուրերի» հետ զրույցում այս մասին նշել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, այսօր այց կատարելով Կոռնիձորի սահմանային հատված, հնարավորություն ունեցան հավաստիանալ, որ Լաչինի միջանցքը մնում է փակ` չնայած Ադրբեջանի հայտարարություններին, և հումանիտար օգնությամբ բեռնված ավտոշարասյունը գտնվում է անշարժ վիճակում:
«Ակնկալում ենք, որ նմանատիպ այցերը, միջազգային հանրության կողմից հետաքրքրության աճը, ԼՂ-ում հումանիտար աղետալի վիճակի վերաբերյալ հստակ գիտակցումը, դրանից բխող արձագանքը, գործուն քայլերն ու անհրաժեշտ ճնշումը Ադրբեջանի վրա կնպաստեն Լաչինի միջանցքի բացմանը և ԼՂ 120 000 բնակչության` շրջափակումից դուրս գալուն»,- ասել է նա:
Սարգսյանը նշել է` հիմնական նպատակին հասնելու, այն է` ուղեբեռը ԼՂ տեղափոխելու ուղղությամբ քայլերը շարունակական են, և քննարկումները նույնպես շարունակվում են: