03/08/2023 15:54
Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանում մեղադրանք են առաջադրել ու հարցաքննել
Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանում հարցաքննվել է հարուցված շինծու քրեական գործով։
Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով օգնական Իլգար Սաֆարովը հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանին ձերբակալելուց հետո հետազոտել և տեղափոխել են բուժհաստատություն։
Բուժօգնությունից հետո նրան տրամադրել են փաստաբան և թարգմանիչ։
Սաֆարովը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, ինչից հետո նա հարցաքննվել է։
Իլգար Սաֆարովը նաև հայտնել է, որ այս պահին Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ իրականացվում են քննչական այլ գործողություններ։
Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում ադրբեջանցի սահմանապահները ստուգել են Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների անձնագրերը, հետո վերադարձրել են անձնագրերը, սակայն Վագիֆ Խաչատրյանի անձնագիրը չեն վերադարձրել։ Նրան ԿԽՄԿ-ի ներկայացուցչի ուղեկցությամբ տարել են հարցաքննելու, իսկ որոշ ժամանակ անց ԿԽՄԿ-ի ներկայացուցչին վերադարձրել են, իսկ Վագիֆ Խաչատրյանին՝ տեղափոխել Բաքու։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։