03/08/2023 13:56
20 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր՝ կալանավորված անձին բերված սառնարանում
Օգոստոսի 2-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Ն. Դ.-ի կողմից բերված սառնարանը:
Զննության արդյունքում սառցարանի դռան մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 20 բջջային հեռախոս, 2 լիցքավորիչ՝ իրենց լարերով, 8 USB լար, 1 wi-fi սարք և 8 զույգ ականջակալ:
Քաղաքացի Ն. Դ.-ն բանավոր հայտարարել է, որ արգելված իրերով սառնարանը բերել է հիմնարկ կալանավորված անձ Ա. Ս.-ին փոխանցելու նպատակով: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: