04/08/2023 21:45
Պեստիցիդների սխալ օգտագործումը կարող է հանգեցնել թունավորման ծանր դեպքերի. թունաբան
Պեստիցիդները (թունաքիմիկատներ) քիմիական նյութեր են, որոնք օգտագործվում են բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի ոչնչացման համար։
Կախված նրանից, թե որ օրգանիզմների դեմ են դրանք ուղղված, բաժանվում են խմբերի՝ միջատասպաններ (ինսեկտիցիդներ), տզասպաններ (ակարիցիդներ), մանրէասպաններ (բակտերիցիդներ), սնկասպաններ (ֆունգիցիդներ), մոլախոտեր ոչնչացնողներ (հերբիցիդներ) և այլն։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ` հատկապես վտանգավոր են քլորօրգանական (ալդրին, ԴԴՏ, հեքսաքլորան), ֆոսֆորօրգանական (կարբոֆոս, դիքլոֆոս, դիազինոն, քլորպիրիֆոս), կարբամինային (գրանոզան) ինսեկտիցիդները, որոնք կուտակվում են ճարպային հյուսվածքներում և առավելապես ազդում են նյարդային համակարգի վրա:
Թունաքիմիկատի հետ շփման, պատահաբար ընդունման կամ թունավորման կասկածի դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկի:
Թունաբանը նշում է, որ այլ թունաքիմիկատները կարող են ազդել արյունաստեղծ համակարգի, էնդոկրին համակարգի, վերարտադրողական ֆունկցիայի վրա, առաջացնել բնածին արատներ, ալերգիաներ: Մի շարք պեստիցիդների արտադրությունը և վաճառքն արգելված է:
Պեստիցիդները կիրառվում են մեծ մասամբ սրսկումների, փոշոտման, ախտահանման եղանակներով և վաճառվում են փոշիների, դուստերի, թունավոր գրավչանյութերի, լուծույթների, էմուլսիաների, խտանյութերի, պինդ նյութերի և այլ ձևերով։
Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել մաշկային, շնչառական և աղեստամոքսային ուղիներով:
Հաճախ թունավորումը տեղի է ունենում պեստիցիդների սխալ օգտագործման պատճառով:
Բժիշկն ընդգծում է` թունավորումներից խուսափելու համար պեստիցիդների հետ աշխատելիս անհրաժեշտ է ուշադիր կարդալ պիտակում նշված ցուցումները, նախազգուշացումներն օգտագործման կանոնների վերաբերյալ, կրել պաշտպանիչ հագուստ և դիմակ, արտահագուստ:
Այգիները, տնամերձ հողամասի ծառերը, բույսերը մշակելիս երեխաները նույնպես կարող են վտանգված լինել նույն տարածքում գտնվելու պարագայում:
Պեստիցիդների մնացորդներով աղտոտված սննդամթերքի կամ ջրի օգտագործման միջոցով ևս կարելի է թունավորվել:
Թունավորումների կանխարգելման համար անհրաժեշտ է միրգը, բանջարեղենը ուտելուց առաջ լավ լվանալ, ցանկալի է կեղևազրկել:
Թունաքիմիկատով մշակված պտուղ-բանջարեղենը հաճախ առանց լվանալու կարող են ուտել երեխաները և թունավորվել, թունավորման պատճառներից է նաև ըմպելիքների շշերում պահվող թունաքիմիկատի սխալմամբ ընդունումը:
Դժբախտ պատահարներից խուսափելու համար պեստիցիդներն անհրաժեշտ է պահել գործարանային պիտակավորված տարաներում և երեխաների համար անհասանելի տեղերում:
Որևէ թունաքիմիկատի հետ շփման, պատահաբար ընդունման կամ թունավորման կասկածի դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկի, թունազերծումը հնարավորինս արագ կատարելու նպատակով (ստամոքսի լվացում, բժշկական ածուխ, ներերակային հեղուկների ներարկումներ և այլ):
Թունավորման ախտանշանները կարող են արտահայտվել սրտխառնոցի, փսխումների, թուլության, ցնցումների, անսովոր քիմիական հոտի առկայության և այլ դրսևորումներով:
Անհրաժեշտ է նաև ճշտել օգտագործված թունաքիմիկատի ճշգրիտ անվանումը, քանի որ որոշ թունաքիմիկատների բուժումը (օրինակ՝ ֆոսֆորօգանական միջատասպաններ) պահանջում է նաև սպեցիֆիկ հակաթույների կիրառում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։