04/08/2023 20:46
Ամռան ամիսներին հանրապետությունում ավելացել է հատկապես իժի խայթոցի դեպքերը. ի՞նչ անել
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մասնագետները տեղեկացնում են, որ ամռան ամիսներին օձի խայթոցների դեպքերը գնալով շատանում են, նշելով, որ հանրապետությունում առկա օձերից վտանգավոր են իժերը:
Իժի խայթոցին հիմնականում ուղեկցում է ցավը, կծածի տեղում կապտած այտուցը: Երբեմն հնարավոր են ընդհանուր ախտանշաններ՝ թուլություն, սրտխառնոց, փսխումներ, լուծ, փորացավ, գիտակցության կորուստ:
Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի մասնագետների փոխանցմամբ` ախտանշանները կարող են զարգանալ արագ և ազդել երեխայի ընդհանուր վիճակի վրա: Ուստի օձի խայթոցի դեպքում երեխային անհրաժեշտ է պարտադիր հիվանդանոցային հսկողություն և հարկ եղած դեպքում` հակաթույնի ներարկում:
Իժի խայթոցի հանդեպ օրգանիզմի ռեակցիաները խիստ տարբեր են լինում: Ռեակցիայի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ կծելիս թույն չի ներարկվել, ինչը պատահում է կծածների մոտ 20-30% դեպքում:
Հարմար, երկարաճիտ կոշիկները կարող են պաշտպանել օձի խայթոցից (խայթոցիների մեծ մասը պատահում են ձեռքի, ոտնաթաթի կամ կոճի շրջանում):
Պետք է նաև զգուշացնել երեխաներին, որ չի կարելի օձին ձեռքերով բռնել:
Եթե երեխային խայթել է օձ, ապա`
հանգստացնել երեխային, պառկեցնել,
կարելի է խմեցնել ջուր, թեյ, հեղուկներ,
վերջույթն անշարժեցնել և պահել սրտի մակարդակին հավասար, չի կարելի վերջույթը թողնել կախ ըն¬կած, քանի որ այն արագ կայտուցվի,
անհրաժեշտ է տալ ցավազրկող դեղորայք,
երեխային շտապ տեղափոխել հիվանդանոց:
Չի կարելի արտածծել թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել օրգանիզմ։
Խայթած հատվածի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։
Մի՛ օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են առավել վատացնել վերջինիս ինքնազգացողությունը։
Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։