04/08/2023 19:36
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 448 մլն դոլարի վնաս. ԼՂ կառավարության տեղեկագիր
Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 236-րդ օրվա վիճակագրական տվյալները:
«Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1745 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 669 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվել են և վերջնականապես դադարել հուլիսի 30-ին՝ ԿԽՄԿ-ի կողմից տեղափոխվող բուժառու Վագիֆ Խաչատրյանի առևանգման պատճառով:
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 220 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (236 օրվա ընթացքում մարդկանց 578200-ի փոխարեն՝ 2628 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 0 ելքի և մուտքի դեպք:
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 74 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (236 օրվա ընթացքում 217.120-ի փոխարեն՝ 2941 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 0 մուտք և ելք:
Շուրջ 17 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (236 օրվա ընթացքում մոտ 94400 տոննայի փոխարեն՝ 5715 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ 0 տոննա:
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 169 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 207 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
Շրջափակումից ի վեր 1468 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 34,3 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը)։ Ցուցանիշը հատկապես վերջին շրջանում արագորեն աճում է։ Շրջափակման հետևանքով լրիվ կամ մասնակի տուժել են տնտեսության բոլոր ոլորտները։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 448 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 50 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը»,- նշված է տեղեկագրում::