04/08/2023 19:07
ԶՈւ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գործով 3 անձ սուտ մատնություն է կատարել. նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործով երեք անձանց կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
«2019 թ. սեպտեմբերի 17-ին ժամը 23:40-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ զորամասի օպերատիվ բաժնի սպա Արա Մխիթարյանին գլխուղեղի ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում դեպքին ականատես 3 զինծառայողներ՝ Լ․Հ․-ն, Մ․Մ․-ն և Մ․Հ․-ն ցուցմունքներ են տվել, հետագայում նաև առերես հարցաքննության ժամանակ պնդել, որ նշված միջադեպի ընթացքում Հարություն Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նաև Զավեն Գրիգորյանն է ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
2019 թ. հոկտեմբերի 2-ին Զավեն Գրիգորյանը ձերբակալվել է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը վերջինիս նույն հոդվածով ներկայացվել է մեղադրանք:
2021 թ. հուլիսի 17-ին քրեական վարույթը, Զ․Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի մասով, ում մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթն ուղարկվել է դատարան: Հետագայում դատարանի կողմից կայացվել է մեղադրական դատավճիռ։
Զ․Գրիգորյանի մասով նախաքննությունը շարունակվել է, որով, սակայն, չի հաստատվել վերջինիս կողմից նկարագրված դեպքին առհասարակ մասնակից լինելու հանգամանքը։ Ավելին, պարզվել է, որ վերջինս դեպքի վայր է հասել միջադեպի ավարտից հետո:
Այդ պատճառով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով Զ․Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև՝ տուժողներ Լ․Հ․-ի, Մ․Մ․-ի և վկա Մ․Հ․-ի արարքում սուտ մատնության հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ: