04/08/2023 17:15
Մարդասիրական գործունեություն ծավալող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձոր
Հայաստանում գործունեություն ծավալող մարդասիրական մանդատով և երեխաների պաշտպանության իրավունքներով զբաղվող և ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ շարունակում են կանգնած մնալ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությամբ բեռնատարները։ Հայաստանի կառավարության ուղարկած 361 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատարները, ինչպես նաև «Գրանդ Քենդի» ընկերության՝ քաղցրավենիքով բեռնված 2 բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Կոռնիձորի սահմանային հատվածում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, կազմակերպությունների ներկայացուցիչներին ուղեկցում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։
Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Քնարիկ Գարամֆիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խիստ մտահոգված են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով՝ հավելելով, որ Ադրբեջանի գործողությունները համարում են ցեղասպանության ակտ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։
«Սա համարում ենք ցեղասպանության ակտ։ Հատկապես մեր մտահոգության առարկան են 30 հազար երեխաները, որոնք ապրում են Արցախում և այս պահին զրկված են սնունդից, դեղորայքից։ Ընտանիքները բաժանված են։ Ոտնահարված են երեխաների բոլոր իրավունքները, և մեր ակնկալիքն է, որ այս հարցը շուտափույթ լուծում ստանա, ու միջոցներ ձեռնարկվեն միջանցքը բացելու համար»,- ասաց նա։