04/08/2023 10:55
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով կվերականգնվի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին
2023 թ. նշվելու է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսական միջոցներ է նախատեսել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Շուշանիկ Կուրղինյանի գողացված կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքների համար:
Աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում կնքվել է պայմանագիր:
Այսպիսով՝ բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին շուտով կվերականգնվի և կտեղադրվի Կոմիտասի անվան պանթեոնում:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից գողացվել է անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի քանդակած Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին: Դեպքի առթիվ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն, սակայն, ցավոք, այն չի բացահայտվել:
Նշենք, որ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանը (1923-2001 թթ.) բազմաթիվ հայտնի քանդակների հեղինակ է: Նրա կերտած հուշարձանների թվին են պատկանում Հունան Ավետիսյանի, Ավետիք Իսահակյանի, Հակոբ Պարոնյանի, «Մենք ենք մեր սարերը», «Ղարաբաղցիները», «Մեղեդի», «Հավերժ բարեկամություն», Դավիթ Բեկի, Լոռեցի Սաքոյի հուշարձանները:
Քանդակագործի ստեղծագործություններից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում: