04/08/2023 22:08
Ոստիկանության պետի գլխավորությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օգոստոսի 4-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Ներկա են ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկացմամբ՝ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, միևնույն ժամանակ նշել ծառայության մեջ տեղ գտած որոշ թերացումներ և տվել առարկայական ցուցումներ՝ պահանջելով դրանք իրականացնել ողջ ծավալով:
«Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց օպերատիվ կառավարման կենտրոնի կիսամյակային վերլուծության ամփոփումը, արձանագրված հանցագործությունների դեպքերը մայրաքաղաքում և մարզերում։
Ոստիկանության պետը անդրադարձավ քաղաքացիների հետ շփումներում նոր գործելաոճի որդեգրմանը, հանցավորության դեմ ամենօրյա հետևողական պայքարին, հասարակական կարգի պահպանմանն ու ծառայության այլ ոլորտներում սրտացավ աշխատանքին: Նշեց, որ դրական արդյունքները տեսանելի կլինեն միայն այն դեպքում, երբ համակարգի յուրաքանչյուր ներկայացուցիչ դրսևորի բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք: Նաև առանձնահատուկ շեշտեց՝ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով կարևոր նախապայման համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու գործում:
Արամ Հովհաննիսյանը հանձնարարեց ամենօրյա հետևողականությամբ ակտիվացնել աշխատանքները «Ծխախոտային արտադրատեսակի և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում իրականացվող միջոցառումները:
Օպերատիվ խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետն անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարներին և ՊԾ ու ՃՈ ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ քննարկվել են ծառայողական կարգապահությանն ու տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր ևս։