04/08/2023 16:41
Իրականացվում են Սանահին վանական համալիրի տոհմական դամբարանների մասնակի վերականգնման աշխատանքներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» (AFCP) ֆինանսավորմամբ իրականացվում են ՀՀ Լոռու մարզի Սանահին վանական համալիրի հարավային հուշարձանախմբի՝ Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարանների ամրակայման, նորոգման, մասնակի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Նախագիծը մշակել է «Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան»:
«Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարանների ամրակայման, նորոգման, մասնակի վերականգնման և տարածքի բարեկարգման» էսքիզային նախագիծը քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 2022 թ. հունիսի 29-ին կայացած 4-րդ նիստում և արժանացել հավանության:
Նախագիծը կազմվել է՝ ելնելով հուշարձանի ֆիզիկական վիճակից և առաջնորդվելով այն՝ որպես պատմաճարտարապետական բարձրարժեք կոթող, պահպանելու հրամայականից:
Շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է բոլոր պատերը մաքրել քարաքոսերից, մամուռից՝ հատուկ այդ միջոցառումների համար նախատեսված նյութով:
Քանի որ դամբարանի ստորին հարկաբաժինն ամբողջությամբ թաղված է հողի տակ և մշտապես ենթարկվում է խոնավացմանը, առաջարկվում է բոլոր պատերը պատել ջրամերժ հատուկ նյութով: Մեծ քանակի հոսող ջրով լվանալուց և չորանալուց հետո դամբարանի հյուսիսային մետաղական դուռը հղկաթղթել, փոշեզրկել և լաքապատել հատուկ մետաղի համար նախատեսված լաքով, որով կպահպանվի դռան նախաստեղծ տեսքը: