04/08/2023 16:26
Ես փախնող չեմ, փախնողին բռնող եմ. Վլադիմիր Գասպարյան
Հակակոռուպցիոն դատարանում oգոստոսի 4-ին մեկնարկեց Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ փողերի լվացման մեղադրանքով գործի քննությունը։ Պետությունը Գասպարյանից պահանջում է ավելի քան 36 մլն դրամ գումար բռնագանձել։ Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանի կինն ու ընտանիքի անդամները տարբեր տարիների աշխատանքի են անցել իր իսկ ղեկավարած կառույցներում, չեն հաճախել աշխատավայր, սակայն գումար են ստացել։
Նիստի սկզբին մեղադրյալը դեմ եղավ, որ դատաքննությունը տեսագրվի կամ լուսանկարահանվի, քանի որ, ինչպես ինքը ձևակերպեց, «այս հարցում ակտուալությունը արդեն կորել է», գրում է «Սիվիլնեթ»-ը։
Դատական նիստին քննարկվեց Գասպարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից բացակայության արգելքը նույնը թողելու կամ վերացնելու հարցը։ Հանրային մեղադրողները կարծիք հայտնեցին, որ խափանման միջոցը պետք է մնա նույնը, իսկ պաշտպանական կողմը միջնորդեց վերացնել այս խափանման միջոցը՝ պատճառաբանելով, որ Գասպարյանը ամբողջ նախաքննության ընթացքում փախուստի չի դիմել ու գտնվել է իրավապահների տեսադաշտում։
Վլադիմիր Գասպարյանն էլ հայտնեց, որ նպատակ ունի արտերկրում բուժում ստանալ, սակայն կիրառված խափանման միջոցը խոչընդոտում է։
«Ես նույնիսկ մարտի դաշտում չեմ փախել, ուր մնաց քննությունից փախնեմ։ Հետո ես փախնող չեմ, փախնողին բռնող եմ եղել։ Եթե ես ուզենայի այս երկրից դուրս գալ, ոչ մի ոստիկան ինձ չէր կարող գտնել նույնիսկ»,- նշեց Գասպարյանը և հավելեց, որ ինքը առողջական խնդիրներ ունի։ Նրա խոսքով՝ նախկինում փորձել է Գերմանիա գնալ, սակայն մերժվել է. «Գերմանիայի դեսպանությունն ասաց՝ Դուք վտանգ են ներկայացնում եվրոպական համայնքի համար (այս պատասխանը Գասպարյանը ռուսերեն արտաբերեց), էտ էլ՝ ռուսամետ եմ, դրա համար»,- նշեց նախկին ոստիկանապետը՝ հավելելով, որ դրանից հետո ունեցավ առողջական լրջագույն խնդիրներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։