04/08/2023 12:32
Հայ-ուզբեկական առևտրական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցել է առևտրատնտեսական հարցերով համագործակցության հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին։
«Չնայած նրան, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև ապրանքաշրջանառությունն արագորեն աճում է, այնուամենայնիվ, բացարձակ թվերը դեռ փոքր են։ Հայ-ուզբեկական առևտրական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ թե՛ արտահանման, թե՛ ներկրման առումով։ Ուզբեկստանի հետ տնտեսական հարաբերություններում զարգացում է ակնկալվում, մասնավորապես, ոսկերչության, ադամանդագործության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում»,- նշել է Վահան Քերոբյանը։
Նախարարը նաև հավելել է, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում երկու երկրների միջև հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ։
Ակնկալվում է ակտիվ փոխգործակցություն հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, գյուղատնտեսության, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում։