04/08/2023 10:29
Երևանի և Բաքվի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կարող է նոր հակամարտությունների հանգեցնել․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարարությունում գտնում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ և ոչ պատշաճ կերպով պատրաստված խաղաղության պայմանագիր կնքելու փորձն ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Ընդհակառակը, այն նախադրյալներ կստեղծի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի լուծումների որակյալ նախապատրաստմանը», - ասել է նա։
Գոնչարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Երևանը և Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «գրեթե մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում»։
Ըստ Գոնչարի՝ Ռուսաստանը գտնում է, որ կողմերն իրենք պետք է որոշեն ստորագրման ժամկետները։
«Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն կոնյուկտուրային նկատառումների, այլ նպաստել ամուր, երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Նրանք պետք է ապավինեն տեղում ստեղծված իրողություններին, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակով արված ռուս-հայ-ադրբեջանական հայտարարություններին և դրանց հիման վրա գործող մեխանիզմներին», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։