04/08/2023 10:12
Արցախի թեմը հրավիրում է Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը դարձնել համազգային աղոթքի շրջան
Արցախի թեմը հրավիրում է Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը դարձնել համազգային աղոթքի և ապաշխարության շրջան։
«Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, օգոստոսի 13-ին մենք միասնաբար պետք է տոնենք մեր Եկեղեցու տաղավար տոներից մեկը՝ Աստվածամոր Վերափոխման տոնը։
Համաձայն եկեղեցական տոնացույցի՝ մեծ տոներին նախորդում են պահեցողության որոշակի օրեր, ուստի, ելնելով ներկա ճգնաժամային իրավիճակից՝ Արցախի թեմը հրավիրում է բոլորին Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը դարձնել համազգային աղոթքի և ապաշխարության մի շրջան։
Քանի որ ներկայումս արցախցիները ակամա գտնվում են սննդային պահքի մեջ, ուստի մեր հորդորն է, որ օգոստոսի 7-12-ը մեր ուշադրությունն առավել կենտրոնացնենք աղոթքի, ինքնաքննության և հոգևոր պահեցողության վրա։ Որպես օգտակար տարբերակ, առաջարկում ենք այդ մեկ շաբաթվա ընթացքում աղոթել՝ Դավթի Սաղմոսների գիրքը ամբողջությամբ ընթերցելով։ Օգոստոսի 12-ին՝ ժամը 19.00-ին, Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքին տեղի կունենա շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։
Եկեք միասնաբար մեր անկեղծ զղջումով և աղոթքով Աստվածամոր բարեխոսությունը խնդրենք Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար», - նշված է հաղորդագրության մեջ։