04/08/2023 11:37
Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում զգալի առաջընթաց է արձանագրվել. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում զգալի առաջընթաց է արձանագրվել, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով զբաղվող չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։
«Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ։ Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ շոշափվել է նաև այս թեման, մեր կողմից ցանկություն է հայտնվել այս աշխատանքը հնարավորինս շուտ տեղափոխել նախագծային փուլ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Գոնչարի խոսքով, կողմերը ձգտում են ապահովել, որ այս ուղու բոլոր համաձայնագրերը լինեն հավասարաչափ:
«Կողմերից ոչ մեկը չպետք է ունենա այն զգացումը, որ ինչ-որ մեկը ավելին է ստացել։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, առաջին հերթին՝ երկաթուղային, կօգնի բացել Հարավային Կովկասի հսկայական տնտեսական ներուժը և հզոր խթան կհաղորդի եռակողմ աշխատանքի բոլոր մյուս ոլորտներին»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։