04/08/2023 18:49
Ցերեկները գալիս, հացադուլ եմ անում ՄԱԿ-ի առջեւ, երեկոները գնում եմ Եռաբլուր՝ամուսնուս մոտ. Անգելինա Մանուկյան. aravot.am
Արցախցի Անգելինա Մանուկյանը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ երրորդ անգամ է հացադուլ անում: Նրա ամբողջ ընտանիքը՝ ծնողները, եղբայրները, ամուսնու ծնողները, Արցախում են, որոնց հետ հանդիպելու հնարավորությունից ինքը զրկված է արդեն ինն ամիս: «Ոչ մի բան չանել ու տանը նստել չի լինում, որովհետեւ թե Արցախում ինչ է կատարվում, իմանում ես, ոչ թե ինչ-որ մարդկանց խոսքերից կամ լրատվականներից, այլ հենց քո ընտանիքից: Ամեն օր զանգում, խոսում եմ ու տեղյակ եմ՝ ինչ վիճակ է:
«Կանայք հանուն Արցախի» նախաձեռնության հացադուլի մասին իմացել եմ կայքերից ու եկել, ծանոթացել, միացել եմ հացադուլ անող կանանց: Ուզում ենք ինչ-որ ձեւով պահել ուշադրությունը Արցախի նկատմամբ, ցույց տալ իրական վիճակը: Կոնկրետ ես հստակ պահանջներ ունեմ ՄԱԿ-ից:
Գիտենք, որ, ՄԱԿ-ը իրագործում է կոնկրետ մարդասիրական ծրագրեր եւ հասկանալի չէ, թե ինչի նույն ծրագրերը կասկածելիորեն չեն կարող իրագործվել Արցախի դեպքում»,-ասաց Անգելինան՝ նշելով, որ, այս պահին պահանջն առաջին հերթին սնունդը, դեղորայքը հասցնելն է, որովհետեւ Արցախում ընդհանրապես ոչինչ չկա: «Իմ կրտսեր եղբայրը ինը տարեկան է: Նա ասթմատիկ խնդիրներ ունի, սակայն անհրաժեշտ դեղեր գտնելն այնտեղ մեծ խնդիր է:
Եղբայրներիցս ավագը գիշերն է հերթ կանգնում հացի համար, կրտսերը ցերեկներն է խանութներում հերթ պահում: Այո, այս պահին առաջնայինը սնունդ հասցնելն է, բայց դա չէ լուծումը: Մի անգամ հումանիտար բեռ հասցնելով, աղետը մի քանի օրով հետաձգելով՝ հարցը չի սպառվում: Արցախցու համար գլխավորը իր երկրում, իր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքն է, ինչին հասնելու համար նա պատրաստ է դիմանալ այս համապարփակ պաշարմանը, սովին ու զրկանքներին, գրում է aravot.am-ը