04/08/2023 09:53
«Ժողովուրդ». Ինչպես մնացած անտուն ՔՊ-ականները, Վաղարշակ Հակոբյանը ևս, իշխանության գալով, հիփոթեքով տուն է գնել և գումարներ է դիզում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այն երիտասարդներից էր, որ «թավշյա հեղափոխության» օրերին մտերիմ էր Մխիթար Հայրապետյանի հետ, ինքնամոռաց ելույթներ էր ունենում, որի արդյունքում դարձավ իշխանության սիրելին խորհրդարանում: Ինչպես մնացած անտուն ՔՊ-ականները, նա ևս, իշխանության գալով, հիփոթեքով տուն է գնել և գումարներ է դիզում: Նա 2020 թվականին ձեռք է բերել հիփոթեքով բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, սակայն ևս մեկ տուն է հայտարարագրել Կենտրոն վարչական շրջանում, որը փաստացի իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է պատգամավորի կողմից։ Թե ում տանն է մնում, ինչի դիմաց, պատգամավորը չի գրել:
Այս պահին Հակոբյանը նշել է, թե ավտոմեքենա չունի, սակայն 2018 թվականին ձեռք բերած մեքենան, ըստ 2021 թվականի հայտարարագրի, վաճառել է 7 հազար 900 դոլարով։ 2021 թվականի հայտարարագրում նրա հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 30 մլն դրամ, որից 26 միլիոնը հիփոթեքի գումարն է, որը ձևակերպված է «ՀայԷկոնոմ» բանկում, իսկ 2022 թվականի հայտարարագրում այդ դաշտում ոչինչ գրված չկա։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 935 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 17 հազար դոլար և 11 մլն դրամ։
Նկատենք, որ Վաղարշակ Հակոբյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 234 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից։ Նախորդ տարիների համեմատ՝ նրա աշխատանքի վարձատրությունը գրեթե մեկ միլիոնով աճել է, քանի որ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականություններն է կատարում: Իսկ թե ինչպես է պատգամավորի աշխատվարձով այսքան գումար և ունեցվածք կուտակել, իշխանական պատգամավորը խնամքով թաքցրել է: Այս առիթով կոռուպցիան բարևներ է ուղարկել Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին»։