05/08/2023 11:47
Ամեն ինչ անելու ենք, որ իշխանությունը հետ կանգնի կործանարար քաղաքականությունից․ իրենք էլ հասկանում են, որ իրենց քաղաքականության ծուղակում են․ Չալաբյան (Տեսանյութ)
«ՀայաՔվեն» հիմա թևակոխում է շատ ավելի վճռական փուլ։ Բայց հիմա երկու շաբաթ տևողությամբ դադար կլինի՝ արդյունքներն ամփոփելու, ԿԸՀ ներկայացնելու համար։ Այս մասին ասուլիսում ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ արդյունքները ԿԸՀ ներկայացնելուց հետո, քարոզարշավը կվերսկսեն։
«Ի դեպ՝ ՀայաՔվեն բազմաթիվ հարցեր է ծնել՝ ինչպե՞ս ենք իրացնելու մեր մանդատը, ինչպե՞ս ենք դիմագրավելու թշնամու ճնշմանը։ Կարևոր է, որ քարոզարշավի հաջորդ փուլում այդ հարցերի պատասխանները տանք», - նշեց համակարգողը։
Հաջորդ փուլի կարևորագույն խնդիրներից է նաև օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունելը։ Պետք է աշխատեն ԱԺ երեք խմբակցությունների հետ։ Չալաբյանի խոսքով՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ այդ աշխատանքն արդեն սկսված է։ Կարևորագույն խնդիրը լինելու է նաև իշխող խմբակցության հետ աշխատանքը։
Նախաձեռնության համակարգողի խոսքով, իրենք չեն ելնում այն կարծրատիպից, թե նրանք դեմ են քվերակելու․ «Համարում ենք, որ իշխող խմբակցությունն իր կողմից իրականացրած՝ Արցախի հանձնման քաղաքականության արդյունքում այսօր Արցախը հասցրել է ցեղասպանության դուռը։ Նույնիսկ գործող իշխանությունն է հասկանում, որ ինքը հայտնվել է իր քաղաքականության ծուղակում։ Եվ «ՀայաՔվեն», գուցե, այն փրկողակը լինի, որը նույնիսկ այդ իշխնությանը կարող է ծուղակից հանել, փոխել Արցախի հանձնման անհույս ընթացքը։ Ամեն ինչ անելու ենք, որ գործող իշխանությանը համոզենք հետ կանգնի իր որդեգրած կործանարար քաղաքականությունից» - նշեց նա։