05/08/2023 22:00
Դատավորների ընդհանուր ժողովին դատավորները քվեարկել են տեսախցիկների ներքո. Կարեն Անդրեասյանի սիրտն ապացույցներ է ուզել
Երեկ՝ հուլիսի 19-ին անփառունակ կերպով տապալված Դատավորների ժողովից մոտ երկու շաբաթ անց, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը կրկին հրավիրել էր Ընդհանուր ժողով, գրում է 168.am-ը:
Հիշեցնենք՝ Ընդհանուր ժողովը հուլիսի 19-ին պիտի ընտրեր Բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին կալանավորած ու դրա համար պաշտոնեական առաջխաղացում ստացած Մեսրոպ Մակյանից հետո թափուր տեղը համալրող ԲԴԽ դատավոր անդամի: Նախորդ անգամ օրակարգը չհաստատվեց, որովհետև դատավորները դեմ էին, որ ԲԴԽ-ն ինքն է միանձնյա որոշել չծանուցել Երևանի դատավորներին, այլ ասում էին՝ եթե անգամ այդ տեղը մարզային դատավորի տեղ է, դա պետք է քննարկի ու որոշի Ժողովը:
Հուլիսի 19-ի Ժողովից հետո՝ օրեր անց, 168.am-ը գրեց, որ կառավարություն է կանչվել Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը: Եղել է շատ ծանր խոսակցություն, և Լիլիթ Թադևոսյանին այն աստիճանի են առել աքցանների մեջ, որ վերջինս որոշել է շուտափույթ Ժողով հրավիրել՝ գոհացնելու համար քաղաքական իշխանությանն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին:
Դրանից հետո, ինչպես ասում են, արդեն «дело техники», և մամուլը գրեց, որ օգոստոսի 4-ին նախընթաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հատ-հատ հրավիրել է ՀՀ բոլոր դատարանների նախագահներին ու սպառնացել ապահովել իրենց դատարանների դատավորների ներկայությունը Ժողովին և ամեն ինչ անել, որ նրանք քվեարկեն հենց Կարեն Անդրեասյանի առաջարկած օրակարգի օգտին: Կարճ ասած՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը պետք է դառնար ԲԴԽ դատավոր-անդամ, ինչը և երեկ տեղի ունեցավ: Նրա օգտին քվեարկեց 137 դատավոր:
Հատկանշական է, որ օրակարգը չհաստատելու օգտին քվեարկել էր ընդամենը 17 դատավոր՝ նախորդ անգամվա 99 դատավորի փոխարեն: Բոլորը միաբերան նույն տեքստն էին արտաբերում, որ Դատական դեպարտամենտի պարզաբանումներն իրենց համար հիմնավոր են եղել, սակայն պարզաբանումն ըստ էության նույնն էր:
Թողնենք մի կողմ, որ 2 շաբաթվա ընթացքում 82 դատավոր փոխում է իր կարծիքը, և դեռ հարց է՝ եթե նույն հարցի վերաբերյալ մի քանի օրվա տարբերությամբ դատավորը երկու տրամագծորեն հակառակ կարծիք է ունենում, ի՞նչ վստահություն կարող է լինել առհասարակ նրա կայացրած դատական ակտի վերաբերյալ:
Սակայն 168.am-ի տեղեկություններով՝ քվեարկության այդ պատկերին նպաստել է նաև մի շատ էական հանգամանք: Փաստորեն չբավարարվելով սպառնալիքներով՝ Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ դատավորները քվեարկել են տեսախցիկների ներքո. երևի Կարեն Անդրեասյանի սիրտն ապացույցներ է ուզել:
Մեր տեղեկություններով՝ դատավորները պահանջել են անջատել տեսախցիկները, սակայն դրանք, ամեն դեպքում, չեն անջատվել:
Ակնհայտորեն խնդիր էր դրված ամեն գնով հաստատել օրակարգը, և այստեղ գործի է դրվել սցենարի մյուս մասը. որոշ դատավորներ ելույթ են ունեցել ու դատապարտել օրակարգը չհաստատելու փորձերը: Թերևս հստակ դերաբաշխում է կատարվել՝ Ժողովի ժամանակ վախի մթնոլորտը հանկարծ չթուլացնելու համար:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք: Թեև Դատավորներին, այնուամենայնիվ, հաջողվել է օրակարգում ներառել ԲԴԽ դատավոր-անդամի հետկանչի մեխանիզմի օրենսդրական կարգավորումների հարցը, սակայն, ի տարբերություն նախորդ անգամվա, երբ դրան կողմ էր քվեարկել 180 դատավոր, դեմ՝ ընդամենը 7-ը, այս անգամ օրակարգի այդ հարցը ստացել է 90-ից ավելի կողմ ձայներ և 70 դեմ:
Այսքանը՝ երեկվա Ժողովի մասին, իսկ Կարեն Անդրեասյանի օրակարգը հաստատած դատավորները, երբ կարգապահական վարույթով հայտնվեն ԲԴԽ-ում, ու նրանց լիազորությունները դադարեցնելու հարց դրվի, թող նկատի ունենան, որ քվեարկել են Կարեն Անդրեասյանի կամքը կատարելու համար անհրաժեշտ ևս մեկ ձայնի օգտին: