06/08/2023 15:37
Դատարանը վարույթ չի ընդունել Թագուհի Թովմասյանի հայցն ընդդեմ ԱԺ-ի
Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում լիազորությունների դադարեցման որոշումը վերացնելու պահանջով հայցը վարույթ չի ընդունվել: Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նապագահությամբ, մերժել է ընդդեմ ԱԺ-ի ներկայացված հայցադիմումի վարույթ ընդունումը:Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը զրկեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից ՝ 62 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, փակ-գաղտնի քվեարկությամբ։ Իշխանությունների այս քայլը պայմանավորված էր ՄԻՊ ընտրության հարցի քննարկման ժամանակ թեկնածուներից Էդգար Ղազարյանին «չլռեցնելու» համար:
Թագուհի Թովմասյանը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԱԺ-ի, որով պահանջում էր վերացնել իր լիազորությունները դադարեցնելու որոշումը: Դատարանը հայցադիմումի վարույթ ընդունումը մերժել է՝ նշելով, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ներառված չէ ո՛չ հանրային ծառայության պաշտոններում, ո՛չ հանրային պաշտոններում, ինչը նշանակում է, որ այն դուրս է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորման տիրույթից, այն ընտրովի պաշտոն է, որին կարող է հավակնել հանրային քաղաքական պաշտոնի՝ պատգամավորի կարգավիճակը կրող անձը: Ըստ դատարանի եզրահանգման՝ տվյալ դեպքում Ազգային ժողովի և Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միջև հարաբերությունները ծագել են ոչ թե գործատուի և աշխատողի միջև փոխադարձ համաձայնության արդյունքում աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի ընդունման հիման վրա, այլ Թագուհի Թովմասյանի՝ պատգամավորի կարգավիճակից ածանցվող մեկ այլ՝ հանրային պաշտոն չհանդիսացող մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցության կողմից առաջադրվելու և Ազգային ժողովի կողմից ընտրվելու արդյունքում։
Դատարանը եզրահանգել է, որ Թագուհի Թովմասյանի՝ որպես Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցմանն առնչվող հարաբերություններից ծագող վեճերն ընդդատյա չեն ՀՀ վարչական դատարանին, միևնույն ժամանակ, աշխատանքային հարաբերությունների բացակայությամբ պայմանավորված՝ նման պահանջն ընդդատյա չէ նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, որպիսի պայմաններում հայցը ենթակա չէ դատարանում քննության, ինչն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք է։