06/08/2023 21:47
Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը. Արցախի նախագահ
2020 թվականի պատերազմը, ցավոք, այլ իրականություն էր, քանի որ Ադրբեջանի հետ միասին դրան մասնակցում էր Թուրքիան, հազարավոր վարձկաններ, օժանդակում՝ մի շարք այլ պետություններ՝ տեխնոլոգիաներով և այլն, իսկ Արցախը, իհարկե Հայաստանի հետ միասին էր, բայց հիմնական այդ ծանրությունն հասցվեց իրեն, այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դրանք էին պատճառները, որ ծնվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
«Սկզբնական փուլում այն չի ընկալվել հասարակության կողմից, բայց պատերազմի արդյունքներից ելնելով, մեզ համար ընդունելի հայտարարություն էր: Այն մեզ հուսադրում էր, որ ունենալով երաշխիքները, որ առկա են՝ տարածք Լեռնային Ղարաբաղ ձևակերպմամբ, շփման գիծ, անխափան կապ Հայաստանի Հանրապետության հետ, դրանք հենման կետն էինք, որ պետք է ապահովեր հետագա մեր պայքարը ինքնորոշման իրավունքի առումով։Ի՞նչ փոխվեց։Սկզբնական փուլում, իհարկե, մենք վստահեցինք՝ մանավանդ, որ դրա տակ կային Ռուսաստանի Դաշնության,Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի նախագահի ստորագրությունները: Սկսեցինք ակտիվ վերականգնել պատերազմի կրած վնասները, զարգացնել տնտեսությունը: Վերադարձավ մեր հայրենակիցների մեծ մասը: Իրենց ապագան Արցախի հետ կապում էին նաև բռնի տեղահանված մեր հայրենակիցները»,-մանրամասնեց երկրի ղեկավարը՝ ապա շարունակելով հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև բազմաթիվ հանդիպումների ընթացքում հայտարարությունները, սկզբնական փուլում, կարծես ցույց էին տալիս, որ ամեն ինչ արվում էր , որպեսզի իրականանան այն կետերը, որոնք ամրագրված են կամ այն երաշխիքները, որ տրված էին։
Ըստ նախագահ Հարությունյանի՝ իրավիճակը փոխվեց ռուս-ուկրաինական պատերազմից հետո: «Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի վիճակից, փորձում էր ստիպել մեզ, այսպես ասած, հրաժարվել այդ հայտարարության կետերի՝ մեզ տրված իրավունքներից և երկխոսության գնալ իրենց առաջարկած օրակարգով։ Դրանից հետո մեր կողմից բազմաթիվ խնդրանքներ,նամակներ են հղվել առաջին հերթին Ռուսաստանի ղեկավարին, Հայաստանի վարչապետին, միջազգային բոլոր դերակատարներին և այն, ինչ այսօր տեղի է ունենում, մենք դրա մասին զգուշացրել ենք մեկ տարի առաջ։ Մենք խոսում էինք, որ Ադրբեջանը սկսել է ցեղասպան քաղաքականություն»,- ներկայացրեց Հանրապետության նախագահը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը:
«Սա արդեն պատերազմ է, պատերազմի շարունակություն պաշարման միջոցով, ապա դրա արդյունքում Արցախը դարձնելով մեծ համակենտրոնացման ճամբար՝ իրականացնելով ցեղասպանություն»,-շեշտեց Ա. Հարությունյանը:
Նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որն արել է Բրյուսելում եռակողմ հանդիպումից առաջ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ Զանգեզուրի՝ իր ձևակերպմամբ միջանցքը պետք է աշխատի Լաչինի միջանցքի տրամաբանության շրջանակներում։
«Առաջին փուլում դրա վրա ուշադրություն չենք դարձրել: Մենք մտածում էինք, որ հայտարարություն է՝ ճնշում գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա ՝ ստանալով առավելագույնը եռակողմ հայտարարության 9-րդ կետից, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, մանավանդ որ նշված էր Նախիջևանի և Ադրբեջանի հետ կապի մասին,բայց Ադրբեջանը հետագա իր վարքագծով, վարած քաղաքականությամբ կարևորում էր դա։ Կարող եմ նաև այսօր հայտարարել, որ Ադրբեջանը շարունակում է իր ճնշումներրը՝ առավելագույնը կորզելու։ Մենք պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին ինչ-որ տեղ նաև պատանդի կարգավիճակով պահելու ցանկություն ունի, զուգահեռ իրականացնելով ցեղասպանություն և ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների և միջազգային դերակատարների վրա Զանգեզուրի ճանապարհի առավել արտոնյալ տարբերակ ունենալու համար»,-մանրամասնել է Հարությունյանը։