07/08/2023 14:20
Չեմ բացառում, որ Ավինյանին չսիրող որոշ ՔՊ-ականներ կուզեին՝ «հարամ անեմ» նրա ֆանտազիաները, բայց չեմ պատրաստվում մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից արձագանքել է որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց, ինքը Երևանի գալիք ընտրություններին քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն է լինելու։
«Բանտախցում չունեի հնարավորություն պարզելու նման քննարկումների սկզբնաղբյուրը, սակայն տեսնելով իշխանական մամուլի ոգևորությունն այս կապակցությամբ, ուզում եմ արձագանքել՝ լրացնելով կուսակիցներիս կարծիքները:
Ես չեմ պատրաստվում որևէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին: Նման մոտեցում ունի նաև իմ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, քանզի Հայաստանի և Արցախի առաջնահերթ խնդիրները որևէ կապ չունեն գործող վարչակազմի` Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռին նստացնելու խոնավ երազանքների հետ։
Շնորհակալ լինելով բոլոր հնարավոր աջակիցներին և անկեղծորեն ինձ այդ գործում պատկերացնողներին` ասեմ նաև, որ ի հիպոթետիկ առաջադրման հարցում իշխանական շահագրգռվածության 3 պատճառ եմ տեսնում:
1. Քաղաքական լրջություն հաղորդել «Ոսկե աշուն» փառատոնի մակարդակից էլ ցածր իջնող, մայրաքաղաքին վերաբերող, բայց գավառական դարձող այդ «իվենթին»:
2. Երևանի ընտրություններով զբաղեցնել հասարակությանը` Հայաստանի և Արցախի շուրջ սեղմվող կախաղանին զուգահեռ:
3. Չեմ բացառում, որ Ավինյանին չսիրող որոշ «բարձրաստիճան» ՔՊ-ականներ կուզեին, որ ես «հարամ անեմ» նրա ֆանտազիաները:
Հ.Գ. Իմ հնարավոր առաջադրման հորինված թեման այնքան է ոգեշնչել լրագրողներից մեկին, որ նա հիմնավորել է դրա նպատակահարմարությունը, թեպետ, իր իսկ խոստովանությամբ, 2009-ին իմ նշանակումը որպես ԿԳ նախարար նախագահ Սարգսյանի կողմից դիտել է որպես «Կալիգուլայի ձիու սենատի անդամի նշանակում»:
Օգտվելով այս զուգահեռից և հիմնավորելու համար կալիգուլայից հետո «ձիերի» ապրած հավաքական էվոլյուցիան՝ անհամեստաբար պիտի նշեմ, որ «Սերժի ձին», անշուշտ, կրթության ոլորտի լավագույն մասնագետը չէր, բայց ծալած ուներ «Կալիգուլայի ձիուն» 3 օտար լեզուների իմացությամբ, հանրակրթական ոսկե մեդալով, բժշկական համալսարանի անվանական կրթաթոշակով, 2 առաջատար միջազգային բուհերում վերապատրաստումներով: Ուստի՝ տվյալ համեմատությունն համոզիչ չէր: Սակայն, եթե սկզբունքային է ինձ հենց ձիերի հետ համեմատելը, կարող եմ հուշել պատմական միֆերով հայտնի երկու ձի` Մակեդոնացու Բուցեֆալին և Եկատերինայի մտերիմին»,- նշել է Աշոտյանը։