07/08/2023 23:12
Ռիո դե Ժանեյրոյում մահացել է մեր հայրենակցուհի, բրազիլիական սերիալներից հայտնի դերասանուհի Արասի Բալաբանյանը
Այսօր Ռիո դե Ժանեյրոյում մահացել է մեր հայրենակցուհի, բրազիլիական սերիալներից հայտնի դերասանուհի Արասի Բալաբանյանը։
Արասի Բալաբանյանը ծնվել է 1940 թվականին Բրազիլիայի Մատու Գրոսու դու Սուլ նահանգի Կամպու Գրանդի քաղաքում։ Ծնողները՝ Ռաֆայել և Էսթեր Բալաբանյանները, Լատինական Ամերիկա էին հասել Արևմտյան Հայաստանի Նոր Հաճն քաղաքից՝ փրկվելով 1915 թվականի Ցեղասպանությունից։ Մինչև հանդիպելն Արասիի ծնողներն այրի էին և Արասին ընտանիքի արդեն ութերորդ երեխան էր ծնողների նախորդ ամուսնություններից։ Ծնողները ցանկացել են նրան Արաքսի անվանել՝ Արաքս գետի պատվին, սակայն որոշել են իրենց նոր հայրենիքին էլ արժանին մատուցել՝ հանելով անունից «ք» տառը։ Հարավային Ամերիկայի հնդկացիների տուպի-գուարինի լեզվով «արասի» նշանակում է «լույսի մայր»։
Ընտանիքը տեղափոխվում է Սան Պաուլո, որտեղ Արասին ոգևորվում է դերասանուհի Մարիա Դելա Կոստայի մասնակցությամբ թատերական ներկայացմամբ։ Արասին ընդունվում է սոցիալական գիտությունների ամբիոնի փիլիսոփայության ֆակուլտետ՝ զուգահեռ սովորելով տեղի Դրամատիկական արվեստի դպրոցում, որը 22 տարեկանում հաջողությամբ ավարտում է՝ հոր կամքին հակառակ երրորդ կուրսում լքելով համալսարանը։
1964 թվականին Արասին առաջին անգամ երևում է հեռուստատեսությունում, Tupi TV հեռուստաալիքի Սոֆոկլեսի պիեսի հիման վրա նկարահանված «Անտիգոնե» հեռուստաներկայացմամբ։ Այդ բեմադրության գլխավոր դերի համար Բալաբանյանն արժանանում է տարվա լավագույն դերասանուհի կոչմանը, ինչպես նաև հեղինակավոր «Փոքեթ Փինթու» թատերական մրցանակին։ Արասիի հայրը՝ Ռաֆայել Բալաբանյանը, ով չէր ներել դստեր կիրքը բեմի նկատմամբ և խզել էր կապերը նրա հետ, հաշտվեց դստեր հետ 1968 թվականին՝ շնորհիվ հեռուստատեսությունում Արասիի նոր դերի։ «Անտոնիու Մարիա» նովելում նա խաղաց հանրահայտ դերասան Սերժիու Կարդոզուի հետ, ում հանդեպ ակնածանք էր տածում Ռաֆայելը։ Այդ դերից հետո հայրը դարձավ դստեր ամենանվիրված երկրպագուն։
1968 թվականին Արասին խաղաց իր ամենահաջողված թատերական դերերից մեկը՝ ելույթ ունենալով ամերիկյան ականավոր «Մազեր» մյուզիքլի բրազիլական տարբերակում։ Այնուհետև Արասիին հրավիրեցին բրազիլական հեռուստատեսության առաջին մանկական հաղորդմանը՝ «Սեզամ փողոցին»։ Ռիո դե Ժանեյրո տեղափոխվելուց հետո Արասին սկսեց համագործակցել հանրահայտ Globo TV ընկերության հետ։
Արասիի մասնակցությամբ Globo TV-ի ամենագլխավոր նախագծերից մեկը 1990 թվականի «Մետաղի ջարդոնների թագուհին» հեռուստանովելն է։
1997 թվականին Արասի Բալաբանյանը ստացել է մրցանակ հեռուստատեսության մեջ կնոջ լավագույն դերի համար՝ Ֆիլոմենա Ֆերետոյի կերպարը «Նոր զոհը» հեռուստասերիալում ներկայացնելու համար։ Հեռուստատեսությունում հանդես է եկել Տիկին Հայաստան (Dona Armênia) դերանվամբ։
Globo TV-ի ամենագլխավոր նախագծերից մեկն էր 1990-ի «Մետաղի ջարդոնների թագուհին» հեռուստանովելը։ Դերասանուհին այս հեռուստասերիալը առանձնահատուկ համարելու համար առնվազն երկու պատճառ ուներ. նախ` դրա հեղինակն էր Արասիի հին ընկեր Սիլվիու դի Աբրեուն, ում հետ նա սովորել էր Դրամատիկական արվեստների դպրոցում, ապա` նա կրկին վերադարձավ իր արմատներին։ Բանն այն է, որ ըստ սցենարի գլխավոր հերոսուհին, պիտի լիներ երեք որդիների մայր Հունգարիայից էմիգրանտը, բայց նկարահանումների մեկնարկից առաջ դի Աբրեուն Արասիին առաջարկեց կերպարը վերափոխել հայի։ Այդպես էլ հայտնվեց Դոննա Արմենիան։ Այդ ժամանակ դերասանուհին սովորել էր հայերեն գրել, կարդալ և հասկացել էր, որ երբեք չի մոռանա այն «լեզվի մեղեդին», որով խոսում էին ծնողները։ Այդպիսով բրազիլական հեռուստանովելի հերոսուհին հայկական առոգանությամբ օժտվեց. պորտուգալերենի և հայերենի զուգակցմամբ չթարգմանվող արտահայտությունները դարձան Դոնա Արմենիայի այցեքարտը։
Արասի Բալաբանյանը չի ամուսնացել և երեխաներ չի ունեցել։ Մահացել է 2023 թվականի օգոստոսի 7-ին Ռիո դե Ժանեյրոյում։