07/08/2023 18:27
Նոր դասագրքեր՝ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում
Հանրակրթական պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը:
2023 թվականին ՀՀ բոլոր դպորցներում փուլային եղանակով ներդրվելու է հանրակրթական պետական նոր չափորոշիչը, ինչը ենթադրում էր նաև դասագրքերի փոփոխություն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ուսումնասիրելով տեղական և միջազգային փորձը՝ որոշվել է դասագրքերի ստեղծման գործընթացն առանձնացնել տպագրությունից: Դեռևս անցյալ տարի հայտարարված դասագրքերի մրցույթը, որի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել էր, ամփոփվել է: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ներկայացվել է ընդհանուր առմամբ 59 անուն դասագրքի հայտ, որոնցից որոշները փորձագիտական դրական եզրակացությամբ երաշխավորվել են տպագրության, որոշները՝ ոչ: Ըստ այդմ՝
- 2-րդ դասարանի համար ներկայացվել է 17 դասագրքի հայտ, որոնցից երաշխավորվել է 12-ը,
- 5-րդ դասարանում՝ 17 հայտից երաշխավորվել է 14-ը,
- 7-րդ դասարան՝ 25 հայտից երաշխավորվել է 21-ը:
Յուրաքանչյուր դասագրքի փորձաքննության համար ստեղծվել է փորձագիտական խումբ՝ ըստ սահմանված կարգի: Փորձագետների ընտրության համար ԿԳՄՍ նախարարության կողմից նախապես հայտարարվել էր մրցույթ՝ սահմանված կարգին համաձայն: Նախապես հայտ ներկայացրած 800 փորձագետներից աշխատանքային գործընթացում ներգրավվել են շուրջ 600-ը՝ յուրաքանչյուր խմբում առնվազն 8 մասնագետ: Խմբերում պարտադիր ընդգրկված են եղել տվյալ առարկան դասավանդողներ, հայոց լեզվի մասնագետ, մեթոդիստ, հոգեբան, նկարիչ և հիգիենիստ:
Փորձաքննության համար նախապես մշակված են եղել գնահատման չափանիշներ, որոնցով առաջնորդվել են գնահատող փորձագետները: Փորձաքննված դասագրքերի արդյունքներն ամփոփվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից:
Կան դեպքեր, երբ նույն առարկայից հաղթող է ճանաչվել երկու դասագիրք, ինչը դպրոցին հնարավարություն է ընձեռում ընտրելու դասագիրքը:
«Դասագրքերը ստեղծվել են հանրակրթական նոր չափորոշչի պահանջներին համապատասխան: Դասագիրք ստեղծողները ևս առաջնորդվել են չափորոշչով և առարկայական ծրագրերով, որտեղ թեմաներն արդեն իսկ սահմանված էին: Եթե նախկինում ըստ չափորոշչի ուսումնական գործընթացի վերջնարդյունքը պետք է լիներ սովորողի գիտելիքը, ապա նոր չափորոշչով որպես վերջնարդյունք՝ գիտելիքից բացի կարևորվում են նաև կարողությունները, հմտությունները, արժեքային համակարգը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Ա. Սվաջյանը նշել է, որ խրախուսվել են նաև հիբրիդային ձևաչափով դասագրքերը, որոնք պարունակում են էլեկտրոնային հղումներ, QR կոդեր, ինչը ժամանակակի պահանջ է:
«21-րդ դարի դասագիրքը չի կարող զերծ մնալ էլեկտրոնային բովանդակությունից», - համոզված է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Առաջիկայում կմեկնարկի նոր դասագրքերի տպագրության գործընթացը:
Այս ուստարում 10-րդ դասարանի հանրակրթական նոր չափորոշիչը չի ներդրվի
Նոր ուսումնական տարում ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով կներդրվի հանրակրթական պետական չափորոշիչը՝ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում: Նախապես հայտարարված 10-րդ դասարանում չափորոշիչը չի ներդրվի:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ դասագրքերի ստեղծման մրցույթում 10-րդ դասարանի համար պահանջվող 22 անուն դասագրքերից հայտ է ներկայացվել 12 դասագրքի համար: Հաշվի առնելով իրավիճակը՝ որոշվել է, որ 10-րդ դասարանում հանրակրթական նոր չափորոշիչը կներդրվի հաջորդ ուստարի:
Փոխնախարարի խոսքով՝ ձեռք բերված փորձը կօգնի հաջորդ տարիներին գործընթացն իրականացնելիս կատարել համապատասխան փոփոխություններ՝ փորձաքննության ընթացքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: