07/08/2023 22:58
Հայաստանի այսօրվա իշխանությունը դադարել է լինել Արցախի ժողովրդի և պետության թև-թիկունքը. պարտվելու իրավունք չունենք. Կամո Աթայան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ինչպես հայտնի է, դրված է աշխարհի խոշորագույն երկրներից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի վրա: Այս երկրները նաև հանդիսանում են հայկական Սփյուռքի ամենահայաշատ կենտրոնները: Մասնավորապես, ԱՄՆ-ում ապրում է ավելի քան 1,5 միլիոն հայ, ՌԴ-ում ապրում են ավելի քան 2 միլիոն հայեր և Ֆրանսիայում՝ ավելի քան 750000 հայ։
Կարծում եմ՝ ինչպես աշխարհի ավելի քան 11 միլիոն հայերը, այնպես էլ աշխարհի ամենահզոր պետությունների վերոնշյալ միլիոնավոր հայեր այս կամ այն ձևով տեղյակ են ավելի քան 7 ամիս Արցախում տիրող ծանր, իսկ վերջին շաբաթների՝օրհասական վիճակին…
Այդ ամիսների ընթացքում բոլորս էլ սպասումների մեջ ենք եղել/ընդհանրապես, մենք առաջին հերթին մեր հույսը մեր վրա պետք է դնենք/, ու պարզվել է հետևյալը՝
.Անկախ ՀՀ-ի այսօրվա իշխանությունը դադարել է լինել Արցախի ժողովրդի և պետության թև-թիկունքը՝ նրա անվտանգության երաշխավորը և վախենում է նույնիսկ արտաբերել Արցախի Հանրապետություն, ինքնորոշում, Արցախ անվանումները և եզրույթները, ու միայն վախվորած մեկ-մեկ արտաբերում է «ԼՂ բնակչության անվտանգություն և իրավունքներ» համարյա ոչինչ չասող, բայց հավանաբար սուլթանիկի կողմից թույլատրված բառերը,
.Ադրբեջանը՝ տանդեմ ու դուետ լինելով Թուրքիայի հետ՝ չի կատարում ոչ մի պահանջ, այդ թվում՝ նաև միջազգային դատարանի որոշումը և, փաստորեն, ամբողջ Արցախը, ինչպես տեղի ղեկավարությունն է նշում, վերածվել է մի մեծ՝ 120000-անոց համակենտրոնացման ճամբարի։
Ասվածից պարզ երևում է, որ, փաստորեն, աշխարհին Արցախի խնդիրը այնքան էլ չի հետաքրքրում ու չի հուզում, որը, հավանաբար, ունի մի շարք պատճառներ, որոնց թվում նաև էներգակիրներն են, որոնցով այսօր ապրում է ողջ Եվրոպան…
Դա ունի նաև մի ընդգծված պատճառ, որն անպայման պետք է հաշվի առնել: Բանն այն է, որ անցած տարվա հոկտեմբերին ՀՀ ղեկավարը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը՝Արցախով հանդերձ…
Պարզ չէ՞, որ դրանից հետո ոչ մի պետություն կոնկրետ հայանպաստ քայլեր չի կատարի, որին էլ, ըստ էության, ականատես ենք…
Համոզված եմ, որ այսպես մտածողները խորությամբ ծանոթ չեն Արցախին ու արցախցու ոգուն և անկոտրում կամքին, որը հատկապես այս ամիսների ընթացքում նրանք անտրտունջ ցուցադրում են…
Արցախը պայքարում է, Արցախի անկախության երաշխավոր ՀՀ-ն հրաժարվում է անվտանգության երաշխավորի կարգավիճակից, իսկ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը համոզված պայքարում է հանուն Արցախի և Հայաստանի ու հայի գոյության…
Մնում է հուսալ, որ ինչպես ամենուր մոլորակի վրա, որտեղ գեթ մի հայ է ապրում, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահության հզոր երկրների հզոր հայկական համայնքները բոլոր հնարավոր ձևերով ու միջոցներով իրենց ձայնը կբարձրացնեն հանուն Արցախի փրկության, հանուն մեր ժողովրդի 120000 ներկայացուցիչների կյանքի փրկության ու ապրելու իրավունքի վերահաստատման…
1988-ից սկիզբ առած Արցախյան հիրավի ժողովրդական և ազգային ազատագրական շարժումը նոր՝ գոյաբանական փուլ է թևակոխել, որում պարտվելու իրավունքը մենք չունենք…