07/08/2023 16:33
Լոռու մարզպետարանում հրաձգարան է բացվել
Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի նախաձեռնությամբ Լոռու մարզպետարանի շենքում բացվեց հրաձգարան:
Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Գույքով և անհրաժեշտ սարքավորումներով կահավորված հրաձգարանում մարզպետի աշխատակազմը կկարողանա զարգացնել զենքի տիրապետման իր հմտությունները և կատարելագործել կրակային պատրաստության գիտելիքները:
Հրաձգարանի բացման պատիվը տրվել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին: Կարևորագույն ձեռքբերման առիթով մարզի ղեկավարը շնորհավորել է իր աշխատակազմին՝ նշելով, որ հրաձգարանը հնարավորություն կտա ստանալ զենքի հետ վարվելու բազային գիտելիքներ:
«Թող շուտափույթ խաղաղություն հաստատվի, բայց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին մենք պետք է միշտ պատրաստ լինենք:Հրաձգարանը յուրահատուկ ուսումնական բազա կլինի մարտական զարգացվածության հարցում և հնարավորություն կտա ձեզ կատարելագործել ունակությունները», - աշխատակազմին ուղղված խոսքում ասել է Ա. Խաչատրյանը:
Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը նշել է, որ հրաձգարանը հետզհետե կհամալրվի նոր ուսումնական գույքով:
Բացման արարողությունից հետո ներկաները փորձարկել են նորաբաց հրաձգարանի հնարավորություները: