07/08/2023 17:42
Օգոստոսի 1-7-ն աշխարհում նշվում է կրծքով կերակրման շաբաթը
Օգոստոսի 1-7-ը ողջ աշխարհը նշում է կրծքով կերակրման շաբաթը։ Կրծքով կերակրումն ունի բարերար ազդեցություն՝ ինչպես մոր, այնպես էլ նորածնի համար։
ԱՀԿ տվյալների համաձայն` կրծքով կերակրման գործընթացի բարելավումը կնպաստի տարեկան 820 000 մինչև 5 տարեկան երեխաների մահերի կանխարգելմանը։
«Մայրական կաթը լավագույն սնունդն է երեխայի համար, այն ոչ մի բանով հնարավոր չէ փոխարինել։ Այն արտադրվում է այն որակով, ինչն անհրաժեշտ է երեխային տվյալ պահին․ օրվա ժամից, երեխայի տարիքից, տարվա եղանակից կախված՝ կրծքի կաթի բաղադրությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում՝ լավագույն ձևով ապահովելով երեխային անհրաժեշտ սննդատեսակներով»,- կրծքով կերակրման առավելություններն է թվարկում Մուրացան հիվանդանոցային համալիրի Մանկաբուժական թիվ 2 կլինիկայի մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը։
«Մայրական կաթում կան սնուցող բաղադրամասեր, որոնք անհրաժեշտ են երեխային աճի համար, կան պաշտպանողական նյութեր՝ հակամարմիններ, որոնք երեխային պաշտպանում են տարբեր ինֆեկցիաներից։ Եթե երեխան կերակրվում է կրծքով՝ և՛ ավելի լավ է աճում, և՛ քիչ է հիվանդանում տարբեր հիվանդություններով, օրինակ՝ թոքաբորբ, փորլուծություն, ականջի, միզուղիների ինֆեկցիաներ։ Մինչև 6 ամսականը բացառապես կրծքով կերակրվող երեխաները 14,4 անգամ ավելի քիչ հավանակություն ունեն մահանալու, քան արհեստական սնվող երեխաները»,- ասում է Հարությունյանը։
Մանկաբույժները կրծքով կերակրումը համարում են առողջական մի շարք ռիսկային գործոններ նվազեցնող միջոց և խորհուրդ տալիս երեխային կրծքով կերակրել ոչ պակաս, քան առաջիկա վեց ամիսների ընթացքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։