07/08/2023 15:02
Ինչո՞վ էր պայմանավորված աղբահանության խնդիրը Երևանում և ինչու է Էրեբունիում աղբահանությունն իրականացրել մասնավոր ընկերությունը
Տևական ժամանակ Երևանում աղբահանությունը կաթվածահար էր եղել, քաղաքը աղբի մեջ կորել էր։ Քաղաքացիները կատակում էին, թե վերադարձել են «Սանիտեկի» ժամանակներ։
Aysor.am-ի տեղեկություններով, աղբահանության խնդիրը կապված է եղել մեքենաների անսարքության հետ։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ մեքենաների սպասարկման «գարաժ»-ի պատասխանատուին աշխատանքից հեռացրել են, դրանից հետո մեքենա նորոգողներն էլ մասսայական դուրս են եկել աշխատանից։
Մեր զրուցակցի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը ստիպված է մասնավոր ընկերությունների հետ համագործակցել աղբահանությունն իրականացնելու համար։ Օրինակ, ըստ աղբյուրի, Էրեբունի վարչական շրջանի աղբահանություն իրականացնելը քաղաքապետարանը տվել է «Մաքրություն» ՍՊԸ-ին, և դրա համար ամսական 74 մլն դրամ գումար պետք է փոխանցի այդ ընկերությանը։
Երևանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Հայկ Կոստանյանն Aysor.am-ի հետ զրուցյում ասաց, որ ԵԱՍՄ-ում մեքենաների տեխնիկների հետ կապված որոշակի փոփոխություններ են եղել. «Մարդիկ կան՝ աշխատանքից ազատվել են և իրենց փոխարեն նոր մարդիկ են եկել աշխատելու։ Ի դեպ, ասեմ, այդ պրոցեսը տարբեր տեղերում ինտենսիվ իրականցվում է։ Այսինքն, այնպես չէր, որ այս պահին աղբահանության խնդիր կար, դրա համար են մարդիկ ազատվել աշխատանքից։ Պրոցես է, որ տարբեր գերատեսչություններում, նաև մասնավորում լինում է։ Այդտեղ որևէ միտում տեսնել պետք չէ»։
Կոստանյանը չհերքեց, որ որոշակի ժամանակահատվածում Էրեբունի վարչական շրջանում աղբահանությունն իրականացրել է «Մաքրություն» ՍՊԸ-ն. «Այդ ընկերությունը քաղաքապետարանի հետ առհասարակ կապ չունի։ Երևան քաղաքում ամբողջ աղբահանությունն իրականացնում է ԵԱՍՄ-ն։ Այդ ՍՊԸ-ն այն թեժ շրջանում, որտեղ աղբահանության խնդիր կար, անվճար հիմունքներով, գործընկերային հարաբերություններով, մինչև մեր մեքենաների վերանորոգումը, մեզ աջակցել է։ Դա եղել է միայն Էրեբունի վարչական շրջանում։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ այսուհետ Էրեբունի համայնքում այդ ընկերությունն է իրականացնելու աղբահանությունը և 74 մլն դրամ քաղաքապետարանը պետք է փոխանցի նրանց, դա իրականությանը չի համապատասխանում։ Ինչպես նախկինում է ԵԱՍՄ-ն իրականացրել աղբահանությունը, այսուհետ ևս շարունակելու է իրականացնել»։
Հարցին, թե արդյո՞ք աղբահանության խնդիրը, որն ունեցանք, կապված էր տեխնիկների աշխատանքից ազատվելու հետ, Կոստանյանը պատասխանեց. «Ոչ թե մարդկանց չաշխատելու հետ էր կապված, այլ մեքենաների անսարքության։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Կամո Արեյանը ներկայացրեց խնդիրը և խնդրեց, որ ծառայողական քննություն իրականացվի՝ պարզելու համար, թե մարդկային գործո՞նն է մեղավոր, որ մեքենաները փչացել են, թե՞ մեքենանները սարքին չեն եղել։ Հիմա այդ քննությունն իրականացվում է»։