08/08/2023 20:55
Զգույշ լինել Արցախում իրավիճակի վերաբերյալ հրապարակային հայտարարություններում. Արայիկ Հարությունյանի կոչը` ՀՀ իշխանությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վճռականորեն կոչ է անում ՀՀ իշխանություններին, հասարակական եւ քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում:
«Հորդորում եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետը, որը վերածվել է ցեղասպանության հանցագործության, անհապաղ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը՝ հրատապ և կոնկրետ քայլեր ենթադրող բանաձեւի ընդունման նպատակով:
Կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման խնդիրը տեղեկատվական, քարոզչական եւ այլ հարթակներով ակտիվորեն բարձրաձայնելու եւ միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ:
Հորդորում եմ դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով:
Միաժամանակ վճռականորեն կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, հասարակական եւ քաղաքական գործիչներին՝ զգույշ լինել իրավիճակի վերաբերյալ իրենց հրապարակային հայտարարություններում, գնահատականներում. որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և չպետք է նպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր ու ագրեսիվ գործողություններին»,- ասվում է Արցախի նախագահի ուղերձում: