09/08/2023 22:12
Ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոցին. խորհուրդներ հոգեբան Ինգա Մորիկյանից
Դպրոցին ընդառաջ ավելի շատ մտահոգ են ապագա առաջին դասարանցինե՞րը, թե՞ նրանց ծնողները, պարզ չէ։ Երեխային դպրոցին պատրաստելը ոչ միայն հագուստ, կոշիկ, դասագրքեր և գրենական պիտույքներ գնելն է, այլև համապատասխան հոգեբանական վերաբերմունք ցուցաբերելը:
Aysor.am-ի հետ զրույցում մանկական հոգեբան Ինգա Մորիկյանը իր խորհուրդներով կօգնի ծնողներին և երեխաներին հոգեբանորեն ճիշտ պատրաստվել դպրոցին ու կյանքի նոր փուլ մտնել։
«Առաջին հերթին կարևոր է սահմանել ամենօրյա ռեժիմ. մոտ երկու շաբաթ առաջ արդեն անհրաժեշտ է հաստատել ապագա առաջին դասարանցու առօրյան։ Սա հատկապես կարևոր է այն երեխաների համար, ովքեր չեն գնացել նախապատրաստական խմբակ կամ մանկապարտեզ: Երեխան պետք է սովորի արթնանալ որոշակի ժամի, արագ նախաճաշել ու պատրաստվել»,-ասաց հոգեբանը։
Մասնագետի խոսքով, հաջորդ կարևոր քայլը պետք է լինի երեխային օգնելը՝ հարմարվելու անծանոթ թիմին. Դրան կօգնի ամռան ամիսներին երեխային ավելի հաճախ տանել խաղահրապարակներ կամերեխաներով լի այլ միջավայր, որպեսզի հեշտությամբ հաղթահարվեն հաղորդակցման խոչընդոտները։
«Առաջին դասարանցիներից շատերը դժվարություններ են ունենում, երբ մտնում են բոլորովին անծանոթ խմբի մեջ: Շատ լավ է, եթե դպրոցն ու մանկապարտեզը մոտակայքում լինեն, իսկ նախապատրաստական խմբի իր ընկերները երեխայի հետ միասին գնան առաջին դասարան։ Բայցևայնպես, թիմում կլինեն անծանոթ երեխաներ, ինչը ևս նպաստավոր է շփման փորձի ձեռքբերման առումով»,-մանրամասնեց Մորիկյանը։
Որքան էլ կարևոր լինի շփման, բաց լինելու նախատրամադրվածությունը, դրա համար անհրաժեշտ է նախևառաջ ստեղծել ճիշտ էմոցիոնալ վիճակ։ Հոգեբանի խորհուրդն է ծնողներին՝բացատրել ու ցույց տալ երեխային, որ դպրոցում սովորելը հետաքրքիր է ու անհրաժեշտ իր համար, ոչ թե ծնողների։ Դա անելու համար կարելի է մոտիվացնել, գովել հաջողության համար և ոչ թե նախատել սխալների համար:
«Առաջին դասարանցիներից շատերին անմիջապես չի հաջողվում բոլոր առարկաները լավ ու միանգամից յուրացնել, բայց դա չի նշանակում, որ երեխային պետք է մեղադրել դրա համար։ Ընդհակառակը, սպառնալիքներն ու ճիչերը նրան միայն կհեռացնեն ուսումից և կվախեցնեն։ Առաջին դասարանցին կմեկուսացվի ու կվարժվի «հավերժ պարտվողի» դերին։ Պետք է սովորել, թե ինչպես ճիշտ վերաբերվել երեխայի հաջողություններին և անհաջողություններին նույնիսկ նախքան առաջին դասարան գնալը»,-վստահեցրեց մասնագետը։
Զրույցի ընթացքում հոգեբանը կարևորեց ծնողների կողմից երեխայի մեջ սովորելու նկատմամբ պատասխանատվություն և դրական վերաբերմունք ձևավորելու գործոնը։
«Դպրոցում դասերը երեխայի կողմից պետք է ընկալվի որպես կարևոր և պատասխանատու գործ։ Հաճախ ծնողներն իրենք են արժեզրկում դպրոցական գիտելիքները՝ հիմնվելով անձնական փորձի վրա, ինչը սխալ է, պետք է վստահել ուսուցչին, երեխայի աչքում երբեք չգցել նրա հեղինակությունն ու կասկածի տակ դնել գիտելիքները»,-ասաց նա ։
Դպրոցին նախապատրաստվելը ներառում է հաջորդ կարևոր փուլը. Լավագույն տարբերակը մինչև սեպտեմբերի 1-ը երեխային ուսուցչին ու նրա հետագա ուսման վայրին ծանոթացնելն է։ Դա հեշտ է կազմակերպել՝ երեխային գրանցելով նախապատրաստական դասընթացների: Առավել լավ կլինի, եթե նրանց ղեկավարի նույն ուսուցիչը, ով հետո երեխային առաջին դասարան կտանի։ Այդպիսով երեխան ժամանակ կունենա ընտելանալու ուսուցչին, իսկ դպրոցում նրա ադապտացիան ավելի հեշտ ու արագ կլինի։
Հաջորդ կարևոր խորհուրդն է ծնողներին՝ միշտ ուշադրություն դարձնել երեխայի ինքնազգացողությանն առավոտյան: Ոչ մի դեպքում թույլ չտալ նրան դասի գնալ սոված կամ վատառողջ։ Այս դեպքում երեխան կսկսի դպրոցը կապել բացասական զգացմունքների հետ և սովորելու ցանկություն չի առաջանա։
Պետք չէ երեխայի հետ նախապես յուրացնել դպրոցական ծրագիրը.
«Շատ ծնողներ ցանկանում են, որ իրենց երեխաները պատրաստված լինեն, ուստի նրանք վաղ են անցնում առաջին դասարանի ծրագիրը: Այս քայլով ծնողները կբախվեն հակառակ բևեռին. երեխային չի հետաքրքրի առաջին դասարանը, սովորելու փոխարեն, նա կսկսի շեղվել»,-զրույցն ավարտեց մասնագետը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։