09/08/2023 19:20
Իրավապաշտպանները դիրքորոշում արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է. ԱՀ ՄԻՊ
Իրավապաշտպաններն իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է՝ ապացուցելու, որ թույլ չեն տա Ադրբեջանի հանցավոր իշխանություններին կասկածի տակ դնել միջազգային բարձր հեղինակություն ունեցող իրավապաշտպան և մարդասիրական կառույցների հեղինակությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Իրավապաշտպանները իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդրված ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել միջազգային ազդեցիկ իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունների և մի շարք հեղինակավոր փորձագետների հստակ, հասցեական գնահատականն Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս ընթացքում իրենց դիրքորոշումներն են արտահայտել է Amnesty International, Human Rights Watch, Freedom House, Global Center for Responsibility to Protect կազմակերպությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցողները, Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկին ինստիտուտը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան և մի շարք այլ իրավապաշտպաններ։
Իրավապաշտպան և մարդասիրական բոլոր կազմակերպությունների հայտարարությունները միաձայն պահանջում են Ադրբեջանի իշխանություններից դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ապահովել անձանց, բեռների և մեքենաների ազատ և անխոչընդոտ երթևեկությունը միջանցքով և վերջ դնել Արցախում հումանիտար ճգնաժամին։
Բոլոր կազմակերպությունների հայտարարություններին ադրբեջանական իշխանությունները տալիս են արհամարհական և լկտի պատասխաններ` ամենապարզ ձևով ցույց տալով անարգանք բոլորի նկատմամբ, կարծես թե բոլորը ստում են և միայն իրենք են ճիշտ։
Ադրբեջանի այս պահվածքը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանը ոչ հանձնառություն, ոչ էլ ցանկություն ունի կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ավելին՝ ի տես բոլոր կառույցների շարունակում է արհամարհել մարդու իրավունքները և իրականացնել Արցախի ժողովրդի նկատամբ ցեղասպանական քաղաքականություն։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները չպետք է մնան թղթի վրա։ Այս հասցեական հայտարարությունները պետք է դառնան Արցախի ժողովրդին սովամահությունից, էթնիկ զտումից, ցեղասպանությունից փրկելու տարբեր պետությունների և միջազգային կառույցների դիրքորոշումների հիմքը։ Հենց սրա համար էլ այդ կառույցները ստեղծված են՝ կանխելու մասայական վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները։
Իրավապաշտպաններն իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է՝ ապացուցելու, որ թույլ չեն տա Ադրբեջանի հանցավոր իշխանություններին կասկածի տակ դնել միջազգային բարձր հեղինակություն ունեցող իրավապաշտպան և մարդասիրական կառույցների հեղինակությունը։
Հակառակ պարագայում, ցուցաբերվող անտարբերությունն ու հեղինակավոր կարծիքների անտեսումը հանգեցնելու է մարդկային անդառնալի հետևանքների, որում արդեն միջազգային դերակատարները կրելու են հանցակցության ուղիղ պատասխանատվություն»,- նշվում է հայտարարության մեջ: