09/08/2023 19:33
Կոռնիձորում կանգնած բեռնատարներին է միացել ևս մեկը՝ Ֆրանիսայից ուղարկված սնունդով լի բեռնատարը
Կոռնիձորում հումանիտար բեռներով ավտոշարասյանը միացել է ևս մեկ բեռնատար: Ֆրանսիայի մի շարք քաղաքներ ու շրջաններ հումանիտար օգնություն են հատկացրել՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցնելու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ավելի քան 20 տոննա հումանիտար բեռը ներառում է սնունդ և մակարոնեղեն։
«Ողջունելի է, որ Հայաստանի մարդասիրական այս նախաձեռնությանն արձագանքում և միանում են ոչ միայն Հայաստանում մասնավոր ընկերությունները, այլև բարեկամ Ֆրանսիայի քաղաքներն ու ռեգիոնները։ Սա վկայում է ևս մեկ անգամ, որ ԼՂ-ում սրվող հումանիտար ճգնաժամը ստանում է է՛լ ավելի լայն հնչեղություն, միջազգային հնչեղություն, և ապացուցում է, որ անհրաժեշտ են հրատապ քայլեր Լաչինի ապօրինաբար փակված միջանցքը բացելու և ԼՂ հումանիտար հասանելիություն ապահովելու համար»,- ասաց Վարդան Սարգսյանը: