09/08/2023 11:16
Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը:
Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։
Նախարար Միրզոյանն արդրադարձել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը:
Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում նաև՝ ԵՄ ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված քայլերը կանխելու նպատակով։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24