09/08/2023 17:47
Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները շուրջ 50 միլիոն դրամի կեղծիք կատարելու մեջ են մեղադրվում
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Խ. Ա.-ն, 2013-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը, նույն բաժանմունքի աշխատակիցների օժանդակությամբ եւ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձանց կազմակերպմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով գումարներ, ինչպես նաեւ կեղծել պաշտոնական փաստաթղթեր։
Կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ Խ. Ա.-ն 2013 թվականի հունիսի 29-ից 2018 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում ֆիզիկական եւ իրավաբանական 42 անձանց հետ կնքել է օբյեկտների պահպանության իրականացման մասին պայմանագրեր, որոնց հիման վրա պահպանության բաժանմունքի ծառայողներն ամսական վարձավճարների դիմաց իրականացրել են տվյալ օբյեկտների պահպանությունը: Նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետի պաշտոնը հաջորդաբար զբաղեցրած Ռ. Մ.-ն, Վ. Մ.-ն եւ Ա. Զ.-ն՝ յուրաքանչյուրն իր հերթին, Խ. Ա.-ին հրահանգել են հիշյալ պայմանագրերի հիման վրա տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվելիք վարձավճարներից հափշտակել գումարներ՝ իրենց տալով հափշտակված գումարներից ամսական մասնաբաժին՝ երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի:
Խ. Ա.-ն, չունենալով կանխիկ գործարքներ իրականացնելու իրավունք, հիշյալ տնտեսվարող սուբյեկտների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն՝ պայմանագրերով նախատեսված վարձավճարները համապատասխան հաշվեհամարներին փոխանցելու փոխարեն առձեռն իրեն տրամադրելու վերաբերյալ: Այնուհետեւ Խ. Ա.-ն նույն բաժանմունքի ջոկի հրամանատար Ա. Ա.-ին հանձնարարել է մատուցված պահպանության ծառայության դիմաց տնտեսվարող սուբյեկտներից ամսական գանձվող գումարները ստանալ առձեռն եւ փոխանցել իրեն: Ըստ այդմ՝ Ա. Ա.-ն Խ. Ա.-ի հանձնարարությամբ յուրաքանչյուր ամիս հիշյալ տնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքագրել է սահմանված գումարները եւ դրանք ամբողջությամբ փոխանցել Խ. Ա.-ին: Վերջինս, սակայն, նշված գումարները չի փոխանցել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, իսկ հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով իրեն օժանդակող՝ տարբեր տարիներին բաժանմունքի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած Ս. Վ.-ի եւ Գ. Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ կեղծել է համապատասխան հաշվետվությունները, որոնցում ներառվել են կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիշյալ տնտեսվարող սուբյեկտները չեն վճարել կամ մասամբ են վճարել կնքված պայմանագրով նախատեսված վարձավճարները:
Արդյունքում՝ Խ. Ա.-ն վերը նշված անձանց օժանդակությամբ յուրացրել է բաժանմունքի հաշվեհամարին փոխանցման ենթակա առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 49․472․474 ՀՀ դրամը, որից Ռ. Մ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում վերջինիս է փոխանցել 11.900 ԱՄՆ դոլարին համարժեք 4.918.032 ՀՀ դրամ, Վ. Մ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում նրան է փոխանցել 17.000 ԱՄՆ դոլարին համարժեք 8.239.390 ՀՀ դրամ, իսկ Ա. Զ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում նրան է փոխանցել 18.000 ԱՄՆ դոլարին համարժեք 8.678.520 ՀՀ դրամ։
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար՝
Խ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 445-րդ հոդվածի 1-ին մասով,
Ա. Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով,
Գ. Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 445-րդ հոդվածի 1-ին մասով
Ռ. Մ.-ին եւ Ա. Զ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: