09/08/2023 20:08
Համահայկական միջոցառումներին Արցախի անունը բացառելը միայն մի նպատակ ունի՝ լուծարել Արցախյան հիմնախնդիրը և փակել պատմության արցախյան էջը
ՀՀ իշխանությունների կողմից Հայաստան-Արցախ հարաբերություններում խրվող սեպն անընդհատ խորացնելը, համազգային նշանակության օրակարգն այլազան թեմաներով ստվերելը, համահայկական միջոցառումներին Արցախի անունը բացառելը միայն մի նպատակ ունեն՝ լուծարել Արցախյան հիմնախնդիրը և փակել պատմության արցախյան էջը, այդ մասին հայտարարություն է տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դատապարտում է նման կեցվածքը և իր գործունեությամբ հակադարձում առկա իրողություններին: Միասնության խաթարում թույլ չտալու տրամաբանությամբ է ստեղծվել «Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակը», որն իր բազմաշերտ աջակցությամբ պատվար է հանդիսանում արցախյան նախաձեռնություններին: Մեկ շարժման երկու ճակատները փոխգործակցային ոճով աշխատում են մեկ միասնական գերնպատակի՝ Ազատ, անվտանգ,երջանիկ հայկական Արցախի համար:
Համակարգված աշխատանքը, երկուստեք մշակված ձևաչափով, արդեն ընթացքի մեջ է: Օրերս տեսակամուրջով տեղի է ունեցել հերթական հանդիպումը, որի շրջանակներում Երևանում հրավիրված մի խումբ փորձագետներ ու բարձրակարգ մասնագետներ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր սցենարները: Հարթակի համադրող Թևան Պողոսյանն, ամփոփելով քննարկումն, ընդգծել է՝ բոլոր լուծումները պետք է փնտրել ազգային արժանապատվության ծիրում: