09/08/2023 22:05
Քերոբյանը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղությունները
Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական կապերն այս տարի ևս կշարունակեն մնալ բարձր մակարդակի վրա։
Այնուհետև կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, որոնց թվում են շինարարությունը, դեղագործությունը, տեքստիլ արդյունաբերությունը և զբոսաշրջությունը։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմանն ու համատեղ գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությանը։
Քննարկվել են նաև ոլորտային համաձայնագրերի ստորագրմանն առնչվող հարցեր։