09/08/2023 13:26
Անդրեա Վիկտորինը պատրաստ է առաքելությունն ավարտելուց հետո էլ շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին։
Նախարարը բարձր է գնահատել դեսպանի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով վերջինիս ունեցած ներդրումը սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի սահուն ընթացքի ապահովման, ճգնաժամային իրավիճակներում իրականացված աշխատանքներում։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ այսօր ԼՂ բնակիչները, նրանց թվում՝ շուրջ 30,000 երեխա, հաշմանդամություն ունեցող ավելի քան 9,000 անձ զուրկ են անհրաժեշտ կենսապայմաններից, և որ այժմ հրատապ է միջազգային հանրության ակտիվ դերակատարությունը՝ հումանիտար աղետի կանխման նպատակով։
Անդրադառնալով ԵՄ հետ համագործակցությանը՝ նախարարը նշել է․ «Ձեր ակտիվ ներգրավվածության շնորհիվ՝ փոխգործակցության բավականին պատկառելի շրջանակ ունենք։ Կան բավականաչափ ինստիտուցիոնալ հիմքեր՝ էլ ավելի խորացնելու և զարգացնելու սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացումը»։
Դեսպանը ևս ընդգծել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացված աշխատանքների կարևորությունը․«Մենք իրապես համագործակցության բարձր մակարդակ ենք ունեցել նախարարության հետ։ Մենք մշտապես փորձել ենք անել այնպես, որ անհրաժեշտ աջակցություն տրամադրենք Հայաստանին հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Վստահ եմ՝ կշարունակենք համատեղել մեր ուժերը և ապահովել, որ համատեղ իրականացվող նախաձեռնությունները լինեն իրար փոխլրացնող»։
Հանդիպման ընթացքում Անդրեա Վիկտորինը բարձր է գնահատել նաև ԱՍՀ նախարարության կողմից քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը՝ ընդգծելով որ ներդրված ջանքերն ու նշանակալի արդյունքները նկատելի են նաև գենդերային քաղաքականության ամրապնդման, ընտանիքում բռնության դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով։
Հանդիպման ավարտին դեսպանը պատրաստակամություն է հայտնել ԵՄ առաքելությունն ավարտելուց հետո էլ ունենալ շարունակական համագործակցություն։