10/08/2023 18:10
Հայկ Մարությանը ոչ սև է, ոչ՝ սպիտակ, անգույն է․ Հովիկ Աղազարյան
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ռազմական գործողություններից անմիջապես հետո կուսակցությունից դուրս եկավ՝ մտածելով, որ ամեն ինչ կործանված է․ նա փորձեց իր կաշին փրկել, News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Անդրադառնալով Երևանի ավագանու նախորդ ընտրություններին, երբ Հայկ Մարությանը հասարակությանը սևերի և սպիտակների էր բաժանել, նաև հարցին՝ այժմ նրան իշխանականները դիտարկում են որպես սև՞, թե՞ սպիտակ, Աղազարյանը պատասխանել է. «Հայկ Մարությանը ոչ սև է, ոչ՝ սպիտակ, անգույն է»:
Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ՝ Մարությանը լուրջ մրցակից չէ. «Իր պահվածքը պատերազմի ավարտից հետո շատ բացասական տպավորություն է թողել ինչպես մեր կուսակցական ընկերների, այնպես էլ մեր համակիրների շրջանակներում: Հետևաբար, նրա առաջադրումը որպես քաղաքապետի թեկնածու էլ ավելի կհամախմբի մեր կուսակցական գործընկերներին և համակիրներին, մի ուրիշ մակարդակով էլ կմոտիվացնի, և սա դրական ազդեցություն կունենա մեր ձայների աճման դինամիկայի վրա: Մեր թեկնածուի ձայներից որևիցե մեկը չի կարող տանել, որովետև մեր թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, մեր կուսակցության կողմից ընտրված թեկնածու է և կուսակցականների մոտ վայելում է բացարձակ հարգանք»:
Ճշտող հարցին, թե 44-օրյա պատերազմից հետո Մարությանն ի՞նչ պահվածք է ցուցաբերել, Հովիկ Աղազարյանը պատասխանել է․
«Ռազմական գործողություններից անմիջապես հետո նա կուսակցությունից դուրս եկավ՝ մտածելով, որ ամեն ինչ կործանված է․ նա փորձեց իր կաշին փրկել»:
Անդրադառնալով այն սոցհարցումներին, որ ՔՊ-ի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, բավականին ցածր վարկանիշ ունի և հարցին՝ արդյոք դա կուսակցությանը չի անհանգստացնո՞ւմ, Աղազարյանն արձագանքել է. «Ծանոթ չեմ այդ սոցհարցումներին»:
Նրա խոսքով՝ հասարակությունը գնահատում է Ավինյանի աշխատանքը:
Հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվ դերակատարում ունենալո՞ւ է քարոզարշավի ընթացքում, ՔՊ խխմբակցության պատգամավորը պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանը այն վարչության նախագահն է, որը որոշել է Տիգրան Ավինյանի թեկնածությունը․ թե ինչպիսի մասնակցություն կունենա, ես չեմ կարող ասել»: