10/08/2023 22:12
«Ադրբեջանը չի իրականացնում Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները»․ Միրզոյանը՝ ԱՄԷ ԱԳ նախարարին
Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որի պայմաններում ԼՂ 120 հազար բնակչությունն առերեսվում է սննդի, դեղորայքի սուր պակասին, իսկ լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձինք և 9000 հղի կանայք զրկված են հրատապ բժշկական աջակցությունից:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով տեղաշարժի վերականգման վերաբերյալ երկու որոշումները և արհամարհում է միջազգային գործընկերների, տարբեր կառույցների հասցեական կոչերը: Ուստի, նախարարն ընդգծել է, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել քայլեր ձեռնարկել ՀՀ և ԱՄԷ միջև փոխգործակցության զարգացման ուղղությամբ՝ նշելով բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը»: