10/08/2023 20:15
ՔՊ կոչվող խմբակը և՛ երկիրը, և՛ մայրաքաղաքը ավերում է․ Արսեն Ջուլֆալակյան
Արսեն Ջուլֆալակյանը բարձրաձայնել է մայրաքաղաքի խնդիրների մասին՝ ընդգծելով՝ իշխող ուժն ավերում է երկիրն էլ, մայրաքաղաքն էլ, իսկ առջևում ավագանու ընտրություններն են, նոր խոստումներ։
«Ռուսերենում հայտնի (անտրամաբանական) խոսք կա՝ «бьёт, значит любит»-«Ծեծում է, նշանակում է, սիրում է»: Հիմա դա լավագույնս կիրառվում է Հայաստանում: ՔՊ կոչվող խմբակը, որն այս պահին Հայաստանում իշխանություն է համարվում, իր վարչապետացուով «ծեծում է» Հայաստանին և հայ ազգին՝ ինչքան կարող է և բնորոշում է դա որպես «բացառիկ սիրո դրսևորում հայրենիքի և ժողովրդի հանդեպ»...
Այդ խմբակի կարկառուն ներկայացուցիչներից մեկը նույն կերպ վարվում է մայրաքաղաք Երևանի հետ: Ընդ որում, չի խորշում տեղի-անտեղի ընդգծել իր երևանցի լինելու մասին: Ի՞նչ անի. նա էլ Երևանն է «կոպիտ սիրում»...
Իսկ եթե մի կողմ դնենք իրոնիան, խայտառակություն է ունենալ Երևանի սրտում բոլոր առումներով այլանդակ նման շինություններ: Ե՛վ երկիրը, և՛ մայրաքաղաքը ավերում են, ինչքան հնարավոր է: Նույնիսկ պետության դեմք հանդիսացող պատմամշակութային բացառիկ արժեքները չեն «կանգնեցնում» նրանց այդ աղետալի գործունեությունից...
Շուտով կսկսվի քաղաքապետի քարոզարշավը, և անմեղ, միամիտ դեմքերով կգան ու կսկսեն հեքիաթներ պատմել, թե ինչքան են սիրում Երևանը և ինչեր են անելու մայրաքաղաքի համար, եթե ընտրվեն:
Հ.Գ.1՝ նկարներում «կինո Ռոսիայի» հատվածն է: Համեմատեք, թե ինչ ունեինք Խորհրդային Հայաստանի տարիներին և ինչի ենք վերածել այն Անկախ Հայաստանի օրոք:
Հ․Գ․2՝ Յուրահատուկ կերպով լուռ են ոլորտի ՀԿ-ները: Ֆիրդուսի շուկա, Ռոսիա կինոթատրոն, ֆիզգոռոդոկ, Կոմիտաս, Սուրմալու... խնդիրներ չե՞ք տեսնում, ամեն ինչ նորմա՞լ է: Թե՞ Հյուսիսային պողոտայից, պռոսպեկտի պուրակից, Աֆրիկյանների տնից հետո «հոգնել եք», կամ միգուցե աշխատելու կարիք այլևս չկա՞, ապահովվա՞ծ եք, կու՞շտ: Իսկ կարո՞ղ է՝ նույն տեղից եք սնվում, ինչ ՔՊ-ն, և պայքարը բնավ արժեքային չէր...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջուլֆալակյանը։