10/08/2023 17:16
Վլադիմիր Վարդանյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության արդյունքում ավելի կխորանան դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական հարաբերությունները:
«Դուք Հայաստանում դեսպան եք նշանակվել այն ժամանակահատվածում, երբ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են վերելքի վրա: Միաժամանակ, մենք ունենք արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնց մասին Դուք քաջատեղյակ եք, և որոնց դիմագրավելու հարցում մենք ակնկալում ենք Ֆրանսիայի աջակցությունը»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը:
Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ պատրաստ է կատարելու առավելագույնը՝ նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը: Դեսպանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերն այդ հարցում:
Վլադիմիր Վարդանյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել հայ-ֆրանսիական խորհրդարանական համագործակցության վերջին զարգացումները՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի խորհրդարանական գործընկերներին հայանպաստ դիրքորոշման համար:
Ինչպես նշվում է ՀՀ ԱԺ հաղորդագրությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում միջազգային հանրության կողմից գործուն քայլեր ստանձնելու անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: